Բեն Աֆլեքը 60 միլիոն դոլարանոց առանձնատան իր բաժինը նվիրաբերել է Ջենիֆեր Լոպեսին

Ամերիկացի դերասան Բեն Աֆլեկը և երգչուհի-դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը նոր իրավական քայլեր են ձեռնարկել ամուսնալուծությունից հետո իրենց գույքային հարաբերությունների շրջանակում։ Դատական փաստաթղթերի համաձայն՝ Աֆլեքն ամբողջությամբ հրաժարվել է Բևեռլի Հիլզում գտնվող իրենց համատեղ առանձնատան իր բաժնից, հաղորդում է Daily mail-ը:

Նախկին զույգը առանձնատունը ձեռք էր բերել 2023 թվականի մայիսին՝ մոտ 60,85 միլիոն դոլարով։ 2024 թվականի հուլիսից նրանք փորձում էին վաճառել այն՝ մի քանի անգամ իջեցնելով գինը, ինչից կարճ ժամանակ անց Լոպեսը դիմել էր ամուսնալուծության։

Ըստ հրապարակված փաստաթղթերի՝ կողմերը փոփոխություններ են կատարել իրենց գույքային համաձայնագրում, որը սկզբնապես ձևակերպվել էր 2025 թվականի հունվարին՝ ամուսնալուծության վերջնականացման ժամանակ։ Ապրիլի 9-ին նրանք լրացուցիչ համաձայնագիր են ստորագրել՝ փոփոխելով որոշ պայմաններ։

Նոր պայմանների համաձայն՝ Լոպեսը կլինի միակ պատասխանատուն գույքի հնարավոր վաճառքի հետ կապված բոլոր ծախսերի համար՝ ներառյալ միջնորդավճարները, հարկերը և գործարքի փակման ծախսերը։

Փաստաթղթերում նաև նշվում է, որ նախատեսվում է գույքի փոխանցում, սակայն պարզ չէ, թե երբ կրկին վաճառքի կհանվի նախկին ամուսնական տունը։

Լոպեսը համաձայնագիրը ստորագրել է մարտի 31-ին, իսկ Աֆլեքը՝ ապրիլի 1-ին, ինչը, ըստ աղբյուրների, փաստացի նշանակում է, որ դերասանը հրաժարվել է իր բաժնից։

Երգչուհին ամուսնալուծվելու հայց էր ներկայացրել դատարան 2024-ի ամռանը:

Leave a Comment