ՀՀ կառավարությունը Հրազդանում կառուցվող Firebird AI ընկերությունից ձեռք կբերի 25 միլիոն դոլարի ԱԲ բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ՝ 5 տարի ժամկետով, հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
Ծրագիրը նպատակ ունի աջակցել արհեստական բանականության ոլորտում գործունեություն իրականացնող ստարտափներին, գիտահետազոտական խմբերին, ուսումնական հաստատություններին և անհատ մասնագետներին՝ ապահովելով բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ արհեստական բանականության համակարգերի նախագծման, ուսուցման և տեղակայման համար։
Հաշվողական ռեսուրսները կտրամադրվեն «Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի» (AIVI) միջոցով, որը գործարկվել է ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից, հանդիսանում է նորարարությունների և համագործակցության բաց հարթակ։
Ռազմավարական այս ծրագրի շրջանակում AIVI-ն կծառայի որպես գործառնական հարթակ՝ հայտերի ընդունման, դիմողների նույնականացման և հաշվողական ռեսուրսների բաշխման համար, ինչպես նաև կծառայի որպես վիրտուալ հարթակ ԱԲ նորարարների հաղորդակցման և համագործակցության համար:
NVIDIA ընկերությունը Firebird-ի և ՀՀ կառավարության հետ համատեղ հայտարարել էր Հայաստանում արհեստական բանականության համար տվյալների կենտրոնի կառուցման նախագծի մեկնարկի մասին։ Ներդրումների ծավալը կազմում է 500 մլն դոլար, իսկ ենթակառուցվածքների հզորությունը կգերազանցի 100 ՄՎտ-ը։
