Դավիթ Մինասյանի գործով վարույթն իրականացնող մարմինը հայտարարել է նախաքննության ավարտի մասին․ փաստաբան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպից հետո ազատազրկված 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով վարույթն իրականացնող մարմինը հայտարարել է նախաքննության ավարտի մասին, տեղեկացնում է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:

«Այս գործողությունը վկայում է այն մասին, որ նրանց նպատակն է կանխելու ապրիլի 17-ին Վերաքննիչ դատարանի որոշմամբ Մինասյանին ազատ արձակելու հնարավորությունը», – ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբանը:

Մինասյանի և Փաշինյանի միջև միջադեպ էր տեղի ունեցել մարտի 29-ի պատարագի ընթացքում։ Ըստ տեսանյութերի՝ նա Փաշինյանին ասել էր, որ «ինքն ուզում է մեջտեղում կանգնել»։ Արդյունքում՝ քաշքշոց էր սկսվել։ Տեսանյութերից մեկում բարձրացված ձեռք էր երևում, իշխանական շրջանակները հայտարարել էին, որ այն ուղղված էր վարչապետին։ Մինասյանի փաստաբաններն ավելի ուշ տեսանյութ էին հրապարակել, ուր երևում էր, թե ինչպես է Փաշինյանի անվտանգության աշխատակիցներից մեկը հարվածում տղային։

Դեպքի առնչությամբ ձերբակալվել էին Մինասյանը, իր երկվորյակ եղբայրը՝ Միքայել Մինասյանը, և «Համահայկական ճակատ» շարժման հիմնադիր Գևորգ Գևորգյանը, վերջիններիս ազատ էին արձակել՝ գրավի ու բացակայելու արգելքի հիմքով։ Դավիթ Մինասյանին 2 ամսով կալանավորելու որոշում էր կայացվել, նրան ավելի ուշ հիվանդանոց էին տեղափոխել։

Ապրիլի 10-ին Մարտիրոսյանն Armenia Today-ին տեղեկացրել էր, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մերժել է Մինասյանի կալանքը փոխելու պաշտպանների միջնորդությունը։ Փաստաբանը հայտնել էր նաև Մինասյանի մոտ հաստատված ուղեղի ցնցման պատճառը՝ տեղեկացնելով, որ այն եկեղեցում Փաշինյանի անվտանգության աշխատակցի կողմից ստացած հարվածի հետևանք է։

Leave a Comment