Թրամփ․ Եթե Իրանի հետ բանակցությունները ձախողվեն, հարվածները կվերսկսվեն

Թրամփ․ Եթե Իրանի հետ բանակցությունները ձախողվեն, հարվածները կվերսկսվեն

11 ապրիլի 2026 – 14:01 AMT

PanARMENIAN.Net – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ռազմական նավերը վերալիցքավորվել են «լավագույն զինատեսակներով»՝ Իրանի դեմ հարվածները վերսկսելու նպատակով, եթե Պակիստանում ընթացող խաղաղ բանակցությունները արդյունք չտան։

«Մենք համալրում ենք նավերը երբևէ ստեղծված լավագույն զենքով՝ նույնիսկ ավելի լավ, քան այն, ինչ նախկինում օգտագործել ենք։ Եթե համաձայնության չհասնենք, մենք դրանք կկիրառենք՝ և կկիրառենք շատ արդյունավետ», – նշել է նա New York Post թերթին տված հարցազրույցում։

«Մենք կիմանանք մոտավորապես 24 ժամվա ընթացքում: Դուք գործ ունեք մարդկանց հետ, որոնց դեպքում չենք իմանում՝ արդյոք նրանք ճշմարտությունն են ասում։ Աչքերիդ մեջ ասում են, որ կհրաժարվեն ամբողջ միջուկային զենքից։ Իսկ հետո դուրս են գալիս մամուլի առաջ և ասում, որ կցանկանային հարստացնել ուրանը», – նշել է նա, գրում է Deutsche Welle-ն:

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն արդեն Իսլամաբադում է։ Նրան ուղեկցում են հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները։ Սպիտակ տան գլխավոր տնտեսագետ Քևին Հասեթը Fox Business-ին հայտնել է, որ ամերիկյան կողմը բանակցությունների հաջող ավարտի «մեծ, մեծ հույս ունի»:

«Մենք Պակիստան ենք ուղարկել բարձրակարգ թիմ՝ իրանցիների հետ բանակցելու համար։ Մենք ունենք նաև պահուստային ծրագրեր՝ անհրաժեշտության դեպքում», – ասել է նա։

Իրանական պատվիրակությունը նույնպես հասել է Պակիստանի մայրաքաղաք, այն գլխավորում են արտգործնախարար Աբբաս Արաղչին և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

Սպասվում է, որ քննարկումների հիմնական թեմաները լինելու են ԱՄՆ-ի պահանջը՝ մոտ 450 կիլոգրամ բարձր հարստացված ուրանը փոխանցելու վերաբերյալ, ինչպես նաև Հորմուզի նեղուցը ամբողջությամբ միջազգային նավարկության համար բացելու հարցը։ Բացի այդ, քննարկվելու են Իրանի կողմից տարածաշրջանային դաշնակիցներին աջակցությունը դադարեցնելու, բալիստիկ հրթիռային ծրագրի կարգավիճակի և Թեհրանի կողմից ամերիկյան պատժամիջոցների վերացման պահանջները։

Հորմուզի նեղուցով բեռնափոխադրումները զգալիորեն սահմանափակված են մնում Իրանի ռմբակոծությունների դադարեցումից հետո։

Պակիստանյան դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ բանակցությունները պետք է մեկնարկեն կեսօրից հետո։ Սկզբում կողմերն առանձին հանդիպումներ են ունենալու միջնորդների՝ վարչապետ Շեհբազ Շարիֆի և զինված ուժերի գերագույն հրամանատար, ֆելդմարշալ Ասիմ Մունիրի հետ, որից հետո նախատեսվում են ուղիղ բանակցություններ ԱՄՆ և Իրանի ներկայացուցիչների միջև։

ԱՄՆ բանակի պաշտոնաթող գեներալ Ջեք Քինը ապրիլի 10-ին հայտարարել է, որ ամերիկյան զինված ուժերը պատրաստ են վերահսկողություն հաստատել Հորմուզի նեղուցում։

«Ես գիտեմ, որ մեր ուժերը կարող են բացել այդ նեղուցը և ապահովել դրանով անցնող նավերի պաշտպանությունը», – նշել է նա Fox News-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ ռազմական ուժերը կարող են նաև ապահովել «օդային վերահսկողություն» նեղուցի ամբողջ տարածքի վրա։

Թրամփը բազմիցս ընդգծել է, որ Հորմուզի նեղուցի բացումը ցանկացած համաձայնագրի առանցքային պայմաններից մեկն է։ Իրանի իշխանություններն իրենց հերթին ձգտում են պահպանել նեղուցի նկատմամբ վերահսկողության իրավունքը, ինչպես նաև պահանջել են դադարեցնել տարածաշրջանում բոլոր ռազմական գործողությունները և փոխհատուցել հասցված վնասը։

Leave a Comment