ԱՄՆ հետախուզությունը մտահոգված է Իրանի ստորգետնյա զինանոցով․ WSJ – armeniatoday.am

Իրանը պահպանում է հրթիռային զգալի ներուժ և ունակ է վերականգնել այդ կարողությունների մի մասը ստորգետնյա պաշարների և պահպանված արձակիչների միջոցով, հայտնում է The Wall Street Journal-ը՝ (WSJ) հղում անելով ԱՄՆ հետախուզության արդյունքներին ծանոթ աղբյուրներին։

Այդ աղբյուրների համաձայն՝ Թեհրանը դեռևս ունի հազարավոր կարճ և միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ։ Չնայած արձակիչների կեսից ավելին ոչնչացվել, վնասվել կամ փակվել է ստորգետնյա տարածքում, որոշները կարող են վերանորոգվել կամ դուրս բերվել ստորգետնյա համալիրներից, բացատրել է աղբյուրը։

Իրանի հրթիռային զինանոցը մոտավորապես կիսով չափ կրճատվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության ընթացքում, բայց նույնիսկ դրանից հետո երկիրը պահպանում է զգալի հարվածային հնարավորություններ։ Իսրայելական աղբյուրները գնահատում են, որ Թեհրանում մնացել է ավելի քան 1000 հրթիռ՝ պատերազմից առաջ ունեցած մոտ 2500 հրթիռներից։

Միևնույն ժամանակ, Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Իրանի հրթիռային ծրագիրն «արդյունավետորեն ոչնչացվել է», իսկ նրա պաշարներն ու արձակիչներն «սպառված են և գրեթե լիովին անարդյունավետ»։ Այնուամենայնիվ, WSJ-ի կողմից մեջբերված հետախուզական տվյալները ցույց են տալիս ավելի բարդ պատկեր։

«Իրանցիները ցուցաբերել են իրենց ուժերն արագ վերականգնելու ուշագրավ կարողություն»,- նշել է ԿՀՎ նախկին վերլուծաբան Քենեթ Փոլաքը և հավելել, որ երկիրը մնում է «շատ ավելի ահռելի հակառակորդ, քան Մերձավոր Արևելքի մեծ մասը, բացառությամբ՝ Իսրայելի»:

Աղբյուրները նաև նշում են, որ Իրանը պահպանել է թևավոր հրթիռների սահմանափակ պաշար և կարող է դրանք օգտագործել Պարսից ծոցի նավատորմերի կամ տարածաշրջանում գտնվող ամերիկյան ուժերի դեմ, եթե բանակցությունները ձախողվեն:

ԱՄՆ հետախուզության այս գնահատականները հրապարակվել են Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակը կայունացնելու Վաշինգտոնի ջանքերի ֆոնին, որը համաշխարհային նավթի մատակարարման հիմնական զարկերակն է: Միևնույն ժամանակ, վերլուծաբանները նշում են, որ նույնիսկ թուլացած Իրանը պահպանում է տարածաշրջանային անվտանգության վրա ազդելու կարողություն:

Մարտի վերջին ԱՄՆ հետախուզությունը տեղեկացրել էր, որ ամերիկյան զինվորականները ոչնչացրել են Իրանի հրթիռների և անօդաչու թռչող սարքերի զինանոցի միայն մեկ երրորդը։ Մնացած հրթիռների մոտավորապես մեկ երրորդի վիճակը մնում է անորոշ. հարվածները կարող էին վնասել, ոչնչացնել կամ թաքցնել դրանք ստորգետնյա թունելներում և բունկերներում։ Այս տեղեկատվությունը հակասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին, որը պնդում է, թե Թեհրանում «շատ քիչ հրթիռներ» են մնացել։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) տվյալներով՝ Իրանը միայն հակամարտության առաջին հինգ օրերին արձակել է ավելի քան 500 բալիստիկ հրթիռ և ավելի քան 2000 անօդաչու թռչող սարք։ Միևնույն ժամանակ, Թրամփն սպառնացել էր 50% մաքսատուրքեր սահմանել Թեհրանին զենք մատակարարող երկրների համար։

Այսօր Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները ժամանել են Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ՝ Մերձավոր Արևելքում պատերազմին վերջ տալու նպատակով։

Leave a Comment