«Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները մեղադրվում են Վաղարշապատի ընտրություններում՝ ՀՀԿ համակիրների ներգրավմամբ ընտրակաշառք առաջարկելու մեջ։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղելատվական համակարգից։ Գործը ապրիլի 8-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն քրեական դատարան և նույն օրը մակագրվել է դատավոր Վարդգես Սարգսյանին։ Ապրիլի 9-ին դատավորը ինքնաբացարկ է հայտնել։ Գործը վերամակագրվել է Վարդգես Ստեփանյանին։
Մեղադրական եզրակացության բովանդակությունը․ Խաչիկ Սամվելի Գալստյանը մեղադրվում է քրեական օրենսգրքով նախատեսված, պատժի սպառնալիքով արգելված, մեղավորությամբ կատարված արարքի համար, որ նա, նախնական համաձայնության գալով ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին կայանալիք համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններում (այսուհետ՝ Ընտրություն) «Հայրենիք» կուսակցության (այսուհետ՝ Կուսակցություն) թեկնածու Արամ Ղազարոսի Քոչարյանի և ինքնությունները դեռևս չպարզված պատասխանատու այլ անձանց հետ, խմբի կազմում, Ընտրությանը Կուսակցության օգտին քվեարկելու համար, նույն համայնքի մի շարք բնակիչների, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցության» համակիրների օժանդակությամբ, ընտրելու իրավունք ունեցող բազմաթիվ քաղաքացիների առաջարկել և խոստացել են տալ ընտրակաշառք:
Արամ Ղազարոսի Քոչարյանը մեղադրվում է քրեական օրենսգրքով նախատեսված, պատժի սպառնալիքով արգելված, մեղավորությամբ կատարված արարքի համար, որ նա, նախնական համաձայնության գալով ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին կայանալիք համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններում (այսուհետ՝ Ընտրություն) «Հայրենիք» կուսակցության (այսուհետ՝ Կուսակցություն) տարածքային շտաբի պետ Խաչիկ Սամվելի Գալստյանի և ինքնությունները դեռևս չպարզված պատասխանատու այլ անձանց հետ, խմբի կազմում, Ընտրությանը Կուսակցության օգտին քվեարկելու համար, նույն համայնքի մի շարք բնակիչների, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցության» համակիրների օժանդակությամբ, ընտրելու իրավունք ունեցող բազմաթիվ քաղաքացիների առաջարկել և խոստացել են տալ ընտրակաշառք:
Կիրառված խափանման միջոցները
Մեղադրյալների նկատմամբ կիրառվել է տնային կալանք խափանման միջոցը։ Խաչիկ Գալստյանի նկատմամբ կիրառվել է նաև 20.000.000 ՀՀ դրամ գրավ և բացակայելու արգելք։ Արամ Քոչարյանի նկատմամբ կիրառված համակցված խափանման միջոցի վերաբերյալ տեղեկություններ Դատալեքս համակարգում առկա չեն։
Մեղադրանքի հոդվածը
Մեղադրյալներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ մասով։
Հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելու, հանրաքվեին կամ ընտրությանը որևէ ձևով քվեարկելու, քվեաթերթիկն անվավեր դարձնելու կամ հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելուց հրաժարվելու պայմանով ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրակաշառք՝ գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն առաջարկելը, խոստանալը կամ տալը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: