Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակություններն Իսլամաբադում են — Հայաստանի Հանրային Ռադիո

Իրանական պետական ​​լրատվամիջոցները հաղորդել են, որ Իրանի պատվիրակությունը ժամանել է Իսլամաբադ։ Ամերիկացի բանակցողները՝ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի գլխավորությամբ, նույնպես ժամանել են Պակիստան։

Իրանական պատվիրակությունը գլխավորում է խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, որն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին անդամ է։ Պատվիրակության կազմում են նաև արտգործնախարար Աբբաս Արաղչին, Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը, Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմմատին և մի քանի պատգամավորներ։

«Մենք լավ մտադրություններ ունենք, բայց վստահություն չունենք», — ասել է Ղալիբաֆը Պակիստան ժամանելուն պես։ «Ամերիկացիների հետ բանակցությունների մեր փորձը միշտ ավարտվել է ձախողմամբ և չիրականացված խոստումներով»։

Մինչև վերջին րոպեն Իրանը չէր հաստատել, որ պատվիրակություն կուղարկի շաբաթ օրը նախատեսված բանակցություններին։ Պաշտոնյաները, այդ թվում՝ Ղալիբաֆը, հայտարարել են, որ բանակցությունները չեն սկսվի մինչև երկու պայման չկատարվի՝ Լիբանանում հրադադարի հաստատվի և իրանական ակտիվների ապաշրջափակվեն։

Իր հերթին, Իրանը շարունակում է շրջափակել Հորմուզի նեղուցը՝ ավելի խորացնելով կասկածները ապրիլի 8-ի գիշերը հայտարարված հրադադարի կայունության վերաբերյալ։

Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում է փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, որը շաբաթ առավոտյան ժամանել է Պակիստան։

«Մենք անհամբեր սպասում ենք բանակցություններին», — ուրբաթ օրը՝ Իսլամաբադ մեկնող ինքնաթիռ նստելուց առաջ, ասել է Վենսը։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է «ձեռք մեկնել», եթե իրանցիները գործեն «բարի կամքով»։ Սակայն, եթե նրանք «փորձեն խաբել մեզ», ԱՄՆ-ն դա չի հանդուրժի, նշել է փոխնախագահը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկյան բանակցային պատվիրակությանը տվել է «բավականին հստակ հրահանգներ»։

Իրանի հետ բանակցություններին մասնակցող ԱՄՆ պատվիրակության կազմում են նաև ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները։

Իսլամաբադը ակտիվորեն պատրաստվում է բանակցություններին. նախորդ օրը փողոցներ են դուրս բերվել հազարավոր բանակային ստորաբաժանումներ։

Ուրբաթ երեկոյան Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հեռուստատեսային ուղերձով դիմել է ազգին և ասել, որ առաջիկա բանակցությունները կորոշեն, թե արդյոք հնարավոր է հակամարտության խաղաղ կարգավորումը։

Leave a Comment