Կառավարությունը Firebird AI ընկերությունից ձեռք կբերի $25 մլն-ի ԱԲ բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ

Կառավարությունը Firebird AI ընկերությունից ձեռք կբերի $25 մլն-ի ԱԲ բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ

11 ապրիլի 2026 – 10:33 AMT

PanARMENIAN.NetՀՀ կառավարությունը Հրազդանում կառուցվող Firebird AI ընկերությունից ձեռք կբերի 25 միլիոն դոլարի ԱԲ բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ՝ 5 տարի ժամկետով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Այս ծրագիրը գալիս է աջակցելու արհեստական բանականության ոլորտում գործունեություն իրականացնող ստարտափներին, գիտահետազոտական խմբերին, ուսումնական հաստատություններին և անհատ մասնագետներին՝ ապահովելով բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ արհեստական բանականության համակարգերի նախագծման, ուսուցման և տեղակայման համար։

Հաշվողական ռեսուրսները կտրամադրվեն «Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի» (AIVI) միջոցով, որը գործարկվել է ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից, հանդիսանում է նորարարությունների և համագործակցության բաց հարթակ։ Ռազմավարական այս ծրագրի շրջանակում AIVI-ն կծառայի որպես գործառնական հարթակ՝ հայտերի ընդունման, դիմողների նույնականացման և հաշվողական ռեսուրսների բաշխման համար, ինչպես նաև կծառայի որպես վիրտուալ հարթակ ԱԲ նորարարների հաղորդակցման և համագործակցության համար»,- գրել է նախարարը:

Առաջատար բանկերն ու ներդրումային կառույցները միավորվել են՝ Հրազդանում «ԱԲ գործարանի» կառուցման համար Firebird AI ընկերությանը տրամադրելու 300 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում։Այս նախագիծը գալիս է կյանքի կոչելու 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված ռազմավարական հուշագիրը: Նախագիծը նպատակ ունի Հայաստանում ստեղծել արհեստական բանականության ժամանակակից տվյալների կենտրոն՝ հիմնված ամերիկյան «NVIDIA» ընկերության առաջատար տեխնոլոգիական լուծումների վրա:

Firebird, NVIDIA և Dell Technologies ընկերությունների, ինչպես նաև Հայաստանի կառավարության համագործակցության արդյունքում կառուցվող տվյալների կենտրոնը դառնալու է տարածաշրջանում ամենահզորը։

Leave a Comment