Հայկական ընթրիք և գինու համտես՝ Բրյուսելի հնագույն և հեղինակավոր «Cercle Gaulois» ակումբում

Բրյուսելի հնագույն և հեղինակավոր «Cercle Gaulois» ակումբում Բելգիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ՝ Հայաստանի Խաղողի և գինու հիմնադրամի աջակցությամբ առաջին անգամ տեղի է ունեցել հայկական ընթրիք և գինու համտես, որը համախմբել է դիվանագիտական, մշակութային և գործարար շրջանակների հարյուրավոր ներկայացուցիչներին՝ բացահայտելու Հայաստանի խոհարարական և գինեգործական հարուստ ժառանգությունը։

Միջոցառումը բացել է ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը՝ ընդգծելով, որ «Cercle Gaulois»-ը խորհրդանշական վայր է, որտեղ միախառնվում են բարեկամությունը, մշակույթը և բազմազանությունը։ Իր ելույթում դեսպան Բալայանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության իրականացմանն աջակցած Ժերոմ Վրիգհեմին և ակումբի անդամ գործարար Անտոն Աքայանին՝ նշելով, որ նրանց ներդրումը վճռորոշ էր միջոցառման հաջողության համար։

Դեսպանն առանձնահատուկ երախտագիտություն է հայտնել Հայկական խաղողի և գինու հիմնադրամին և դրա նախագահ Զարա Մանուկյանին՝ հայկական գինեգործական ժառանգության առաջխաղացման գործում ունեցած կարևոր դերակատարության համար, ինչպես նաև Վան Արդի գինիների ներկայացուցիչ Վերներ Լեմանսին, ինչպես նաև «With Us» ընկերության համահիմնադիր Կարինե Ստեփանյանին։

Ընթրիքի հյուրերին ներկայացվել է նրբաճաշակ մենյու, որը պատրաստել էր «The Armenian Garden» ռեստորանը՝ ցուցադրելով հայկական խոհարարական ավանդույթների բազմազանությունն ու ստեղծագործական մոտեցումը։

Տիգրան Բալայանը շեշտել է որ Հայաստանը համարվում է աշխարհի հնագույն գինեգործական կենտրոններից մեկը՝ ավելի քան 6200 տարվա պատմությամբ։ Հյուրերին ներկայացվել է հայկական գինիների ընտրված տեսականի, որը համադրում է դարավոր ավանդույթներն ու ժամանակակից նորարարությունը։

Նա նաև հայտարարել է, որ 2026 թվականին Հայաստանը կհյուրընկալի «Concours Mondial de Bruxelles» հեղինակավոր միջազգային գինու մրցույթը՝ նշելով, որ սա խորհրդանշական վերադարձ է գինու ակունքներին։ Դեսպանը հրավիրել է ներկաներին այցելել Հայաստան այդ առիթով և բացահայտել երկրի մշակութային ժառանգությունը, բնության գեղեցկությունն ու ժողովրդի հյուրընկալությունը։

Ներկաները հրավիրվել են նաև մասնակցելու մայիսի 31-ին Բրյուսելի Բրյուգման հրապարակում կայանալիք հայկական երկրորդ տոնավաճառին, հնարավորություն ընձեռելով լիարժեք ծանոթանալու հայկական արհեստներին, խոհանոցին և մշակույթին։

Երեկոն եզրափակվել է մշակութային ծրագրով՝ հայկական ավանդական պարի ներկայացմամբ՝ «Նարեկ» պարային խմբի և քանոնահար Նարե Խորենու կատարումներով։

Միջոցառումն անցել է ջերմ և բարեկամական մթնոլորտում՝ ևս մեկ անգամ ընդգծելով հայ-բելգիական կապերի խորացման կարևորությունը և Հայաստանի մշակութային ժառանգության նկատմամբ աճող հետաքրքրությունը։

Leave a Comment