Իտալական Grande Torino նավը մեկ ամսից ավելի արգելափակված է Հորմուզի նեղուցում, հայտնում է ANSA գործակալությունը։
Իտալական Grimaldi ընկերությանը պատկանող Grande Torino ավտոփոխադրող նավը չի կարողանում անցնել Հորմուզի նեղուցով: Նավը, որը տեղափոխում է Ճապոնիայում և Չինաստանում բեռնված ավտոմեքենաներ, Պարսից ծոցում է հայտնվել Իրանի շուրջ իրավիճակի սրման պատճառով:
Գործակալության տեղեկություններով՝ 3 իտալացի սպայից և 18 ֆիլիպինցի նավաստուց կազմված անձնակազմը ապահով վայրում է, նավը վնասվածքներ չունի: Մեկ ամիս սպասելուց հետո Grande Torino-ն ստիպված էր մտնել Աբու Դաբիի նավահանգիստ՝ սննդի պաշարները լրացնելու համար։
Նեապոլում տեղակայված ընկերության կենտրոնակայանից պարզաբանել են, որ անձնակազմն այժմ սպասում է ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնագրի մանրամասներին։ Նավաստիներին հատկապես հետաքրքրում է Հորմուզի նեղուցով նավերի անցման անվտանգության երաշխիքների հարցը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 8-ին հայտարարել էր Իրանի հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ կողմերը լուծել են գրեթե բոլոր վիճելի հարցերը, այդ թվում որոշում է ընդունվել Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ։ Թեհրանն իր հերթին համաձայնել է դադարեցնել «պաշտպանական հարձակումները», եթե Իսլամական հանրապետության ուղղությամբ հարվածներ չհասցվեն։
Ապրիլի 11-ին Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ են նախատեսված Պակիստանում։
