Մերձավոր Արևելքը «բացառիկ պատմական պահ» է ապրում, երբ Սիրիան ունի հոգևոր, աշխարհագրական և աշխարհաքաղաքական հնարավորություններ՝ դառնալու Հորմուզի նեղուցի և Կարմիր ծովի հետ կապված խնդրի լուծման մի մասը, ասել է Սիրիայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ և Թուրքիայում դեսպան, լիբանանցի քրիստոնյաների ժառանգ Թոմ Բարաքը:
Նա ելույթ է ունեցել մարտի 26-ին Վաշինգտոնում Ատլանտյան խորհրդի և Սիրիա-ամերիկյան գործարար խորհրդի կողմից կազմակերպված երկխոսության ընթացքում, որին մասնակցել են ԱՄՆ էներգետիկ, նավթային և տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ սիրիական նավթային ընկերության գլխավոր տնօրեն Յուսեֆ Կուբլաուին, ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Իբրահիմ Օլաբին և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջեյքոբ Մաքգին: Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի շարունակական հարձակումների և Թեհրանի պատասխան գործողությունների խորապատկերին Հորմուզի նեղուցի հնարավոր փակումը մտահոգություններ է առաջացնում տարածաշրջանից նավթի և գազի արտահանման վերաբերյալ, և, թե ինչպես ցանկացած ընդհատում կարող է ազդել համաշխարհային շուկաների վրա:
Հորմուզի նեղուց և Կարմիր ծով այլընտրանքային երթուղի փնտրելիս Բարաքը նշել է՝ հնարավորությունները ոչ միայն նավթի և գազի արդյունահանման, այլև խողովակաշարերի օգտագործման մեջ են: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, տարածաշրջանում խողովակաշարերը պատմականորեն անարդյունավետ են օգտագործվել, դրանց թողունակությունն օգտագործվել է միայն 30%-ով՝ չդադարող պատերազմների, անվտանգության խնդիրների, թույլ ենթակառուցվածքների և կապիտալ ներդրումների պակասի պատճառով: Այնուամենայնիվ, «բացառիկ» հնարավորությունն այժմ առաջացել է լուրջ խնդիրների պատճառով, հատկապես՝ ներկայիս պայմաններում, երբ և Հորմուզի նեղուցը, և Կարմիր ծովը լուրջ երկընտրանք են ներկայացնում: Ուստի անհրաժեշտ է այլընտրանքային երթուղի, որը թույլ կտա այլ լուծում գտնել։
Սիրիայում հատվում են տեղական և միջազգային խողովակաշարերը, շարունակել է ամերիկացի գործարարը դիվանագիտական աշխարհից՝ նշելով, որ ժամանակին գոյություն է ունեցել առաջարկ, որը հայտնի է՝ որպես «չորս ծովերի նախագիծ», որն առաջ է քաշվել Ասադի նախկին ռեժիմի օրոք և հիմնված է Սիրիան Պարսից ծոցի, Կասպից ծովի, Միջերկրական ծովի և Սև ծովի միջև կապող օղակ դարձնելու գաղափարի վրա:
Այսպիսով, Թուրքիան և Սիրիան կարող են դառնալ էներգառեսուրսների վերաբաշխման կենտրոն։ «Չորս ծովերի» նախագիծն առաջարկվել էր Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի կողմից 2009 թվականին Սիրիա կատարած այցի և այն ժամանակվա նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպման ժամանակ: Այն ժամանակ Գյուլը հայտարարել էր, որ ձգտում է անսահմանափակ համագործակցության Անկարայի և Դամասկոսի միջև, և Ասադին կոչ էր արել «միացնել Սիրիան, Թուրքիան, Իրանն ու Իրաքը ողողող չորս ծովերը, որպեսզի տարածաշրջանը վերածվի համաշխարհային առևտրի կենտրոնի»:
«Մենք գիտենք, որ Սիրիայի ճակատագիրը կապված է այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում նրա շուրջ,- ասում է Բարաքը: -Եթե նայեք, թե ինչու եք այսօր այստեղ, դա էներգետիկան է։ Աշխարհաքաղաքական տեսանկյունից՝ էներգետիկ ոլորտը շեշտը դրել է բաշխումից դեպի անվտանգություն: Ինչո՞ւ անվտանգություն, հատկապես այս տարածաշրջանում: Քանի որ ջրային ուղիները, որոնք ժամանակին առանցքային էին էներգիայի բաշխման համար, այժմ պահանջում են անվտանգություն, պաշտպանություն և հաշվի առնել այլ այլընտրանքներ: Երբ նայում ես Սիրիայի ցամաքային սահմաններին և նրանց աշխարհագրական դիրքին հարավից հյուսիս և արևելքից արևմուտք, դա ապշեցուցիչ է»։
Հենվելով մասնավոր բաժնետիրական ընկերության կառավարման իր նախորդ փորձի վրա՝ Բարաքն ասել է՝ հարցին մոտեցել է ներդրումային տեսանկյունից՝ գնահատելով առաջիկա ներդրումները (որոնք հարյուր-միլիոնավոր դոլարներ են), ռիսկերն ու մարտահրավերները:
ԱՄՆ դեսպանն ընդգծել է՝ նման հնարավորություն կա արդեն այսօր, և, որ Սիրիայում թիմը լավագույնն է տեղում: «Մենք անցել ենք ամենաբարդ փուլը՝ աշխարհաքաղաքական փոխըմբռնման փուլը։ Պատժամիջոցների մեծ մասը հանվել է, և Սիրիայի կենտրոնական բանկը կրկին խաղի մեջ է»,- նշել է Բարաքը: «Մենք այլևս չենք բախվում նույն խնդիրներին, ինչ մյուս տարածաշրջաններում, ինչպիսիք են Լիբանանի «Հըզբոլլահը», Իրաքի աշխարհազորայինները, այլ շրջաններում ՀԱՄԱՍ-ը կամ Եմենի հուսիթները»: Նա կարծում է, որ դա նպաստում է գործողությունների հետևողականությանը և վերակազմավորմանը՝ երկխոսության համաժողովի մասնակիցներին թույլ տալով անցնել հաջորդ փուլ, որը պահանջում է նախաձեռնություն, կենտրոնացում էներգետիկայի և ակադեմիական գիտելիքների վրա:
Ռազմական թղթակից Օլեգ Բլոխինը նշում է․ «ճաղատ կոռուպցիոները ցանկանում է Քաթարից դեպի սիրիական ափ գազատարի կառուցման արդեն թաղված նախագծից առաջ մղել և շահույթ ստանալ գազատարի կառուցման նախագիծը՝ առաջացած հանգամանքների և քաթարական բնական հեղուկացված գազի դուրսբերման պատճառով։ Այսպես ասած՝ որոշել է օգտվել առիթից»։
Ալեքսանդր Գրիգորև
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի