ՆԳՆ-ն առաջարկում է վարորդական վկայականի գործնական քննությանը մասնակցելու համար 1 տարվա ժամկետը փոխարինել 2 տարով

Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է դրել մի նախագիծ, որով առաջարկում է վարորդական վկայականի տեսական քննությունը դրական ստանալու դեպքում գործնական քննությանը մասնակցելու համար սահմանված մեկ տարվա ժամկետը փոխարինել երկու տարի ժամկետով։

Նախագծով առաջարկվում է նաև տեսական քննության թեստերում ընդգրկել բացառապես այն կարգերին կամ ենթակարգերին վերաբերելի հարցեր, որոնց համար անձը հանձնում է քննությունը։

Նշենք, որ տեսական քննությունների մասով գործող կարգավորմամբ հստակ սահմանված չէ՝ որ հարցաշարերը պետք է վերաբերվեն բացառապես այն տրանսպորտային միջոցների կարգերին կամ ենթակարգերին, որոնց համար անձը հանձնում է քննությունը, ինչն, ըստ նախագծի հիմնավորման, գործնականում կարող է հանգեցնել ոչ նպատակային հարցերի ընդգրկմանը և գնահատման ոչ լիարժեք օբյեկտիվությանը։

Ըստ ՆԳՆ-ի՝ այս փոփոխությունը միտված է քաղաքացիների համար գործնական քննությունների հանձնման ժամկետային պայմանների որոշակի մեղմացմանը և առավել ճկուն մոտեցման ապահովմանը։  

Որոշման նախագիծը դեռ պետք է քննարկվի և հավանության արժանանա Կառավարության կողմից։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment