
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ռազմական նավերը վերազինվում և «վերալիցքավորվում» են լավագույն զինամթերքով՝ Իրանի հետ բանակցությունների ձախողման դեպքում ռազմական գործողությունները վերսկսելու համար։
New York Post-ին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ նավերը համալրվում են «երբևէ ստեղծված լավագույն զենքերով», որոնք կիրառվելու են «շատ արդյունավետ», եթե համաձայնություն ձեռք չբերվի:
Բանակցությունները նախատեսված են շաբաթ օրը՝ ապրիլի 11-ին, Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում: ԱՄՆ պատվիրակությունը գլխավորում է փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:
Այս պահին գործում է երկշաբաթյա ժամանակավոր հրադադար, որը հաստատվել է ապրիլի 7-ին՝ Պակիստանի միջնորդությամբ: