Բացահայտվել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքեր

Ապրիլի 6-ին՝ ժամը 23:23-ին, առաքիչ աշխատող օտարերկրյա մի քաղաքացի Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում տվել է հաղորդում, որ նույն օրը պատվեր ստանալով՝ սուպերմարկետից 33578 դրամի ծխախոտ և տարբեր տեսակի սննդամթերք է առաքել Եղբայրության փողոց, որտեղ մոտեցել են երկու տղաներ։ Նրանցից մեկը վերցրել է պատվերը և տվել 20 հազար դրամանոց ու հեռացել։ Առաքիչը նկատել է, որ դրամի վրա առկա է «հուշանվեր» գրառումը և այն վերադարձրել է մյուս տղային, որը, սակայն, առանց պատվերի գումարը վճարելու նույնպես հեռացել է։

Եվս մի օտարերկրացի էլ հայտնել է, որ ապրիլի 7-ին՝ գիշերվա ժամը 2:37-ին, պատվեր ստանալով՝ 33295 դրամի քաղցրավենիք է առաքել Թադևոսյան փողոց, որտեղ մոտեցել է մի անձ և պատվերի համար տվել երկու հատ 20-հազարանոց՝ կրկին «հուշանվեր» գրառմամբ։
Ապրիլի 7-ին՝ ժամը 17-ին, Շենգավիթի բաժնում ստացվել է հաղորդում, որ ժամը 16:34-ի սահմաններում, ժամացույցի առաքման պատվերով օտարերկրյա առաքիչը մոտեցել է Եղիշե Թադևոսյան փողոց, որտեղ ապրանքի դիմաց անծանոթ տղամարդն իրեն վճարել է «հուշանվեր» գրառմամբ երկու հատ 20-հազարանոց։ Այս դեպքում առաքիչն ուշ է նկատել կեղծիքը, վերադարձրել է 7 հազար դրամ մանրը և հեռացել։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Շենգավիթի համայնքային ոստիկանների վարկածով՝ երեք դեպքում էլ «հուշանվեր» թղթադրամներով խարդախությունները կատարել է նույն անձը․ վարկածը հաստատվել է։
Պարզվել է, որ խարդախություններն իրականացրել է Մանթաշյան փողոցի բնակիչ 37-ամյա մի տղամարդ։

Ապրիլի 8-ի առավոտյան՝ ժամը 8-ին, Մանթաշյան փողոցում նա ձերբակալվել ու տեղափոխվել է բաժին, որտեղ խոստովանել է արարքները։

Նրա խուզարկությամբ, ի թիվս այլ թղթադրամների, հայտնաբերվել է նաև «հուշանվեր» գրառմամբ երկու 20-հազարանոց։

Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։

Leave a Comment