Դատարանի որոշման հիման վրա Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ կիրառված խափանման միջոցը պետք է վերացվի, հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Փաստաբանը նշել է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանը (դատավոր Անի Դանիելյան) որոշում է կայացրել կաթողիկոսի պաշտպանի բողոքը բավարարելու մասին:
Նա հիշեցրել է, որ ՀՀ քննչական կոմիտեն փետրվարի 14-ին որոշում էր կայացրել և կաթողիկոսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել էր բացակայելու արգելքը: Այդ արգելքի, ինչպես նաև ժամանակավոր Վրաստան մեկնելու թույլտվությունը քննիչի կողմից մերժելու պատճառով կաթողիկոսը չէր կարողացել մասնակցել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորության արարողությանը:
Զոհրաբյանը հայտնել է, որ քննիչի նշված որոշումը բողոքարկվել էր վերադաս դատախազին: ՀՀ գլխավոր դատախազությունը որոշում էր կայացրել բողոքը մերժելու մասին: Դատախազի մերժումից հետո բողոք էր ներկայացվել դատարան:
