Թեհրանը ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից կպահանջի ռեպարացիաներ հարվածների հետևանքով պատճառված վնասի դիմաց, իսկ հրաժարվելու դեպքում այն կփոխհատուցի ամերիկյան ակտիվների բռնագանձման հաշվին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հնդկաստանում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Աբդուլ Մաջիդ Հաքիմ Իլահին։
Ինչպես նշել է իրանցի պաշտոնյան, պատճառված վնասի փոխհատուցումը հանդիսանում է հրադադարի վերաբերյալ Իրանի առաջարկած 10 կետից բաղկացած պլանի առանցքային դրույթներից մեկը, որն ընդունվել է Վաշինգտոնի կողմից։
«Մենք կստիպենք նրանց վճարել, նրանք պետք է վճարեն։ Եթե նրանք չվճարեն, մենք գիտենք, թե ինչպես ստանալ փոխհատուցում նրանց ակտիվներից կամ նրանց սեփականությունից»,- ընդգծել է Իլահին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 8-ին հայտարարել էր Իրանի հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ կողմերը լուծել են գրեթե բոլոր վիճելի հարցերը, այդ թվում որոշում է ընդունվել Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ։ Թեհրանն իր հերթին համաձայնել է դադարեցնել «պաշտպանական հարձակումները», եթե Իսլամական հանրապետության ուղղությամբ հարվածներ չհասցվեն։
