Ռուսաստանի ներկայացուցիչները կդիտարկեն Հայաստանի ընտրությունները. Հովակիմյան

Ռուսաստանի ներկայացուցիչները կդիտարկեն Հայաստանում կայանալիք ընտրությունները, իսկ երկու երկրների Կենտրոնական ընտրական հանձնաժողովների ղեկավարները փոխադարձ այցեր կիրականացնեն, ճեպազրույցում հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ Ուղիղ հեռարձակումը Armenia Today-ի Youtube-յան ալիքում:

Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ ռուսական կողմի հետ համագործակցությունն ընթանում է մի քանի ուղղություններով։ Ըստ նրա՝ ռուսաստանցի դիտորդների ներգրավումն իրականացվում է երկու «խողովակով»՝ միջազգային կազմակերպությունների և ուղիղ հրավերների միջոցով։ «Մենք արդեն կազմել ենք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում ժամանող առաջին՝ 14 հոգանոց խմբի վկայականները։ Բացի այդ, Ռուսաստանի ԿԸՀ ներկայացուցիչները հրավիրված են նաև մեր կողմից՝ որպես գործընկեր կառույց»,- նշել է նա։

Հովակիմյանը հայտնել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ընտրական մարմինների ղեկավարների միջև ձեռք է բերվել փոխադարձ այցերի վերաբերյալ պայմանավորվածություն։

«Իմ ռուս գործընկերն ինձ հրավիրել է սեպտեմբերին դիտարկելու իրենց խորհրդարանական ընտրությունները, իսկ ես նրան հրավիրել եմ հունիսին։ Տիկին (Էլլա-խմբ) Պամֆիլովան կժամանի Հայաստան, իսկ սեպտեմբերին ես կմեկնեմ Մոսկվա»,- հավելել է Հովակիմյանը։

Անդրադառնալով Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ վերջերս կայացած հանդիպմանը՝ ԿԸՀ նախագահը նշել է, որ այն դեսպանի խնդրանքով էր՝ վերջինց ցանկացել է ծանոթանալ ընտրությունների նախապատրաստական ընթացքին: Հովակիմյանը շեշտել է, որ դիվանագետները հարգում են հանձնաժողովի ապաքաղաքական կարգավիճակը և չեն միջամտում ներքաղաքական հարցերին։

ԿԸՀ նախագահը նաև հավաստիացրել է, որ նմանատիպ աշխատանքային հանդիպումներ և համագործակցության եզրեր կան նաև այլ գործընկերների, մասնավորապես՝ Բելգիայի, Էստոնիայի, Լիտվայի և Ղազախստանի ներկայացուցիչների հետ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 1-ին Մոսկվայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ խոսել էր Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին Ռուսաստանին հարող քաղաքական ուժերի մասնակցության հնարավորության մասին։ Նա նաև նշել էր, որ որոշ քաղաքական գործիչներ գտնվում են կալանքի տակ՝ «չնայած այն հանգամանքին, որ նրանք ունեն ռուսական անձնագիր»՝ ընդգծելով, որ Ռուսաստանը չի միջամտում ներքին գործերին, սակայն ակնկալում է նրանց մասնակցությունը քաղաքական գործընթացին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր, որ ըստ ՀՀ Սահմանադրության՝ Ռուսաստանի քաղաքացին չի կարող պատգամավորի, վարչապետի թեկնածու լինել:

Leave a Comment