«Անվտանգությունն առաջնային է» և «իշխանությունը տեղով խնդիր է»․ քաղաքացիները՝ երկրում առկա խնդիրների և դրանց լուծման մասին

Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մնացել է երկու ամսից պակաս։ Մինչ այդ քաղաքական ուժերն արդեն սկսել են ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը:

Armenia Today-ի կողմից 2025 թվականի հուլիսից անցկացվող պարբերական հարցումները, որոնց մասնակցել է ավելի քան 1600 մարդ, ցույց են տվել, որ քաղաքացիներին ամենից շատ անհանգստացնում են անվտանգությունը, տնտեսական անկայունությունը և սոցիալական վիճակը, անորոշ ապագան, կրթության և առողջապահության հարցերը։ Նույն խնդիրներն են արձանագրել նաև միջազգային կազմակերպությունները Հայաստանում իրականացրած հետազոտությունների արդյունքում:

Armenia Today-ը Երևանում հարցում է անցկացրել պարզելու համար, թե քաղաքի բնակիչները որ խնդիրներն են համարում առաջնահերթ, և ինչպես են պատկերացնում դրանց լուծման իրական ուղիները:

Հարցվածների կարծիքները տարբեր են առկա խնդիրների և դրանց հնարավոր լուծումների մասին։ Մի մասը երկրի գլխավոր խնդիրների լուծումը պայմանավորում է գործող իշխանության հեռացմամբ։ «Այսօրվա իշխանությունն ինքնին խնդիր է մեզ համար, և դրա պատճառով մեր ապագան փտած թելից է կախված»,- ասել մի քաղաքացի:

Հարցվածներից մեկ այլ քաղաքացի ասել է, որ այսօր երկրի բոլոր խնդիրները կրթության պակասի հետևանք են:

«Դպրոցից, մանկապարտեզից սկսած պետք է զբաղվել մարդու դաստիարակությամբ, իսկ դա երկար տարիների աշխատանք է պահանջում»,- ասել է նա:

Ոմանք էլ խնդիրներ են տեսնում արտաքին դիվանագիտության բնագավառում:

«Մեզ պետք է հետևել այսօրվա առաջատար երկրներին, բայց ոչ թե մտնել նրանց թևի տակ, այլ հույսը դնել սեփական ուժերի վրա»,- ասել է մի քաղաքացի:

Հարցվածներից ոմանց էլ անհանգստացրել է երկրի ներսում օր օրի խորացող միջանձնային ճգնաժամը, միմյանց նկատմամբ մարդկանց անհանդուրժողականությունը:

Անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի խնդիրներ են մատնանշում հարցված քաղաքացիները, նրանցից ոմանք դրանց հնարավոր լուծումը տեսնում են հունիս 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների արդյունքում ձևավորված նոր իշխանության պարագայում:

«Առաջիկա ընտրություններին պետք է ընտրել հայրենասեր առաջնորդ, և նա կլուծի բոլոր խնդիրները»,- շեշտել է մեկ ուրիշը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Comment