Ոստիկանության Մուշի բաժնի աշխատակիցն ազատվել է թմրանյութ օգտագործելու համար


Մոտ 10 օր առաջ, արտառոց դեպք է գրանցվել Շիրակի մարզի ոստիկանության Մուշի բաժնում։ Ավելի կոնկրետ՝ պարզվել է, որ բաժնի աշխատակիցները, մեղմ ասած, «լավ հարաբերությունների» մեջ են սինթետիկ թմրանյութերի հետ։

Ներքին անվտանգության աշխատակիցների իրականացրած գործողությունների արդյունքում, NEWSPRESS.am-ի տեղեկություններով, թմրանյութի գործով «բացահայտվել է» համակարգի 3-4 ծառայող։

Մեր ստացած տեղեկության համաձայն՝ նրանցից մեկը Արարատ Մալխասյանն է։ Վերջինս ոստիկանությունում աշխատել է դեռևս նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի օրոք։ Այն ժամանակ Մալխասյանին հեռացրել են աշխատանքից՝ ցուցաբերած անհուսալի վարքագծի պատճառով։ Հետագայում Արարատ Մալխասյանը, անցնելով ՔՊ շարքերը, վերականգնվել է ոստիկանությունում։ Ամենայն հավանականությամբ, համակարգում աշխատած տարիների նրա կենսագրությունը հաշվի չի առնվել և Մալխասյանին վերականգնել են զուտ դրա համար, որ «դուխով» գրառմամբ պաստառի ֆոնին նկարներ ունի։

Ինչպես NEWSPRESS.am-ին փոխանցեցին մեր աղբյուրները, թմրանյութերի շրջանառության և իրացման հարցում մեծ դեր ունի Մուշի բաժնի պետի տեղակալ Վրույր Աճեմյանը։ Ըստ մեր աղբյուրի՝ տեղեկություններ կան, որ «բացահայտված խմբակը» գործել է նրա հովանու ներքո։ Ավելին՝ կան նաև բողոքներ, որ երբ ոստիկանությունում տեղեկություն էր ստացվում այն մասին, որ այս կամ այն վայրում թմրամիջոցներ օգտագործող կասկածելի խմբեր կան, մինչև ոստիկանների հասնելը, խումբը ցրվում էր։ Մեր աղբյուրները կասկածներ ունեն, որ այդ խմբերին վտանգի մասին զգուշացնում է Վրույր Աճեմյանը։

Ու ողբերգությունն այստեղ նաև այն է, որ համակարգը, որը պետք է պայքարի թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ, նպաստում է շրջանառությանն ու, ըստ լուրերի, «զակլադչիկի» դեր կատարում։

Մի խոսքով, մեր տեղեկություններով, որպեսզի այս ամենը չբացահայտվի և, ինչպես ասում են, շատ խայտառակ չլինեն, Արարատ Մալխասյանին դարձրել են «քավության նոխազ»։ Իսկ ավելի կոնկրետ՝ խմբից մեկին զոհաբերել են՝ մյուսների արածը ծածկադմփոց անելու համար։

Մալխասյանը 2 օր առաջ ազատվել է թմրանյութի շրջանառության համար։

Տեղի ունեցած միջադեպի հետ կապված մանրամասներ չհայտնելով՝ NEWSPRESS.am-ի հետ զրույցում  ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հաստատեց միայն Արարատ Մալխասյանի ազատման մասին լուրը․

«ՆԳՆ ՆԱՀ վարչության միջոցառումներով ստացված տեղեկությունների հիման վրա նշանակվել են փորձաքննություններ: Դրանց արդյունքներով հիմնավորվել է նշված անձի կողմից թմրանյութ օգտագործելու փաստը: ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի կողմից որոշում է կայացվել միջնորդելու ՆԳՆ ոստիկանության պետին տվյալ ծառայողի նկատմամբ կիրառել «ոստիկանությունում ծառայությունից ազատում» կարգապահական տույժը: ՆԳՆ ոստիկանության պետի հրամանով նշված ծառայողը ազատվել է ոստիկանությունում ծառայությունից»։

Մնում է հուսալ, որ համակարգի մյուս աշխատակիցների մասով ևս քայլեր կձեռնարկվեն, իսկ Արարատ Մալխասյանի կարգապահական տույժը միայն աշխատանքից ազատումով չի սահմանափակվի։

Արմինե Մկրտումյան

Leave a Comment