10 ապրիլի 2026 – 15:14 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնել են, որ ինտերնետի աշխատանքի խափանումների վերաբերյալ մանրամասներն իրենց լիազորությունների մեջ չեն, սակայն ենթակառուցվածքը գնահատվում է կայուն, տեղեկացնում է Sputnik Արմենիան:
Լրատվամիջոցը փորձել է նախարարությունից պարզել, թե ինչով են պայմանավորված վերջին շրջանում Հայաստանում ինտերնետի աշխատանքի հաճախակի խափանումները, ինչպես նաև՝ որ տարածաշրջաններն են առավելապես տուժել, երբ է գրանցվել վերջին լայնածավալ խափանումը և որքան ժամանակ է այն տևել։
Նախարարությունը նշել է, որ ինտերնետ հասանելիության հետ կապված խնդիրների համատեքստում քննարկվում են տարբեր վարկածներ:
«Հաշվի առնելով թվային տիրույթում առկա մարտահրավերները` նախարարությունը մշտական աշխատանքներ է իրականացնում տեղեկատվական համակարգերի արդիականացման, անվտանգության մակարդակի բարձրացման և ենթակառուցվածքների դիմակայունության ամրապնդման ուղղությամբ»,–նշված է նախարարության պատասխանում։
Հայաստանը արտաքին ինտերնետային տրաֆիկը ստանում է Եվրոպայից՝ Թուրքիայի և Վրաստանի միջոցով։ Վրաստանին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին ինտերնետային տրաֆիկի 80%-ը (ներառյալ Թուրքիայից, ԵՄ-ից և Ռուսաստանից եկող տրաֆիկը):