10 ապրիլի 2026 – 14:42 AMT
PanARMENIAN.Net – Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ բիտումի ձեռքբերման մրցույթի շրջանակում «Հայաստան» համահայկական հիմնադրամին ներկայացվել են կեղծ հաշիվ-ապրանքագրեր, ինչի հետևանքով պետությանը, նախնական հաշվարկով, պատճառվել է 171.5 մլն դրամի վնաս։
Գործով 3 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, իսկ վնասից 111.9 մլն դրամն արդեն վերականգնվել է։
Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով պարզվել է, որ 2015 թվականի ապրիլի 8-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից 14,000 տոննա բիտումի ձեռքբերման վերաբերյալ հայտարարված մրցույթին մասնակցած և հաղթող ճանաչված ընկերությունը 2016 թվականի օգոստոսից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում կազմել և «Հայաստան» համահայկական հիմնադրամին է ներկայացրել կեղծ հաշիվ ապրանքագրեր, որի արդյունքում պետությանը, նախնական հաշվարկով, պատճառվել է 171 միլիոն 515 հազար դրամի վնաս։
«Դատախազը 2026 թվականի ապրիլի 7-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել ՓԲ ընկերության տնօրեն Ա.Ա.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով հարկել չվճարելուն օժանդակելը), ՍՊ ընկերության հիմնադիր Ա.Մ.-ի նկատմամբ՝ 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով հարկել չվճարելը կազմակերպելը) և ՍՊ ընկերության տնօրեն Խ.Հ.-ի նկատմամբ՝ 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելը): Քրեական վարույթի ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 111 միլիոն 900 հազար դրամը: Նախաքննությունն ընթացքի մեջ է»,- ասված է հաղորդագրությունում։