Էստոնիան պատրաստ է նպաստել ՀՀ-ԵՄ փոխգործակցության խթանմանը. Էստոնիայի ԱԳ նախարարը՝ Փաշինյանին

Էստոնիան պատրաստ է նպաստել Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության խթանմանը և շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին, կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան։

Վարչապետը բարձր է գնահատել վերջին շրջանում հայ-էստոնական հարաբերությունների ինտենսիվ բնույթն ու բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք նոր ազդակ են հաղորդում երկկողմ կապերի ընդլայնմանը։

Էստոնիայի ԱԳ նախարարը վերահաստատել է իր երկրի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացմանը։

Զրուցակիցները հատուկ անդրադարձ են կատարել վիզաների ազատականացման շուրջ երկխոսությանը և Եվրամիության հետ գործընկերության խորացմանը։

Ցահքնան կարևորել է նաև Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումը՝ համոզմունք հայտնելով, որ այն կկազմակերպվի բարձր մակարդակով։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունում Ցահքնան հանդիպել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Պաշտոնյաների հանդիպումը հեռարձակվել է Armenia Today-ի Youtube-յան ալիքում։

Leave a Comment