Այո՛, ցավոք սրտի Բաքվում դեռ կան գերիներ, պահվող անձինք. օր առաջ այդ մարդիկ պետք է ազատ արձակվեն

ՀՀ արտգործնախարարն այսօր էստոնացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցում հայկական կողմի դիրքորոշումը միշտ նույնն է։

«Մենք կարծում ենք, որ հաստատված խաղաղությունը հետագա ինստիտուցիոնալացման կարիք ունի։ Խաղաղությունը կա, մենք դրա պտուղները վայելում ենք և միևնույն ժամանակ հասկանում ենք, որ խաղաղությունը նոր է, խնամքի կարիք ունի, հոգատարության կարիք ունի։ Կան բազմաթիվ հարցեր, որ լուծվել են՝ ընդհուպ մինչև Ադրբեջանի տարածքով հայկական բեռների տարանցումը կյամ երկկողմ առևտուրը, որ արդեն կա, և որը, կարծում ենք, կզարգանա։

Ցավոք սրտի և հասկանալիորեն բոլոր հարցերը չէ, որ լուծված են, և գերիների հարցը դրանցից ամենազգայունն է մեր հասարակության համար։

Այո՛, ցավոք սրտի դեռ Բաքվում կան գերիներ, կան պահվող անձինք, և մեր դիրքորոշումը նույնն է. օր առաջ այդ մարդիկ պետք է ազատ արձակվեն։ Եվ մենք վստահ ենք, որ նրանց ազատ արձակումը  կգա միայն ամրապնդելու հաստատված խաղաղությունը։ 

Մենք շարունակվում ենք երկխոսությունն Ադրբեջանի հետ այս թեմայով, և սա օրակարգի առաջնային հարցն է»։ 

Միրզոյանը պնդեց, թե այս հարցով Հայաստանը խոսում է նաև միջազգային գործընկերների հետ։

«Կարմիր Խաչի գրասենյակի փակումը Ադրբեջանում էլ ավելի է բարդացրել իրավիճակն այդ առումով։ Մենք շարունակում ենք ջանքերն այս ուղղությամբ»,-ասաց նա։

Leave a Comment