34 տարի առաջ Մարաղայում տեղի ունեցած ողբերգությունը, երբեք չպետք է ջնջվի մեր հավաքական հիշողությունից. Գառնիկ Դանիելյան

Ապրիլի 10-ը Մարաղայի զոհերի հիշատակի օրն է։

1992 թվականի ապրիլի 10-ին, այնուհետև՝ ապրիլի 22-23-ին, Ադրբեջանի կանոնավոր բանակի ստորաբաժանումների կողմից Մարտակերտի շրջանի Մարաղա բնակավայրը ենթարկվեց հարձակման։

Ողբերգական այս իրադարձությունը, որին զոհ գնացին 100-ից ավելի հայեր, ցեղասպանություն է։ Ադրբեջանական բանակին միացած քաղաքացիական անձինք ավարտին հասցրին էթնիկ զտումը՝ ամենադաժան տանջանքների ենթարկելով կանանց, երեխաներին, ծերերին։

Մարդկանց տանջամահ անելուց և ողջակիզելուց հետո ադրբեջանցիները կողոպտեցին և հրկիզեցին գյուղը։

2022 թվականի մարտի 1-ին ԱԺ «Հայաստան» խմբակցությունը առաջարկ էր ներկայացրել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու և նոր հիշատակի օր սահմանելու վերաբերյալ։

ՔՊ-ն մերժեց Մարաղայի ցեղասպանության օրացուցային հիշատակումը։

Զավեշտալի է, որ հայերին պարբերաբար էթնիկ զտման ենթարկած Ադրբեջանը ՄԱԿ-ից պահանջում է մարտի 31-ը հռչակել հայերի կողմից իրականացված ցեղասպանության օր։

Ցեղասպանությունից է խոսում մի պետություն, որը դեռևս 2 տարի առաջ շրջափակման ենթարկեց արցախցիներին՝ իրականացնելով էթնիկ զտում։

Անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ։ Այն ազգերը, որոնք մոռանում են պատմությունը՝ հերոսական ու ողբերգական էջերով, վտանգում են իրենց ապագան։

«Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես և հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել»․ Հրանտ Մաթևոսյան։

Այս բոլոր իրադարձությունները, այդ թվում՝ 34 տարի առաջ Մարաղայում տեղի ունեցած ողբերգությունը, երբեք չպետք է ջնջվի մեր հավաքական հիշողությունից։

Խոնարհումս՝ Մարաղայի և բոլոր ժամանակների անմեղ զոհերի հիշատակին։

Leave a Comment