Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանձնարարել է սկսել ուղիղ բանակցություններ Լիբանանի հետ՝ «Հեզբոլլահ» շիա արմատական շարժման զինաթափման և երկրների միջև խաղաղ հարաբերությունների հաստատման շուրջ։ Բեյրութը, մինչդեռ, հրադադար է պահանջում, հաղորդում է DW-ն:
Նեթանյահուի խոսքով՝ Լիբանանի իշխանությունները «բազմիցս» դիմել են նման բանակցություններ սկսելու խնդրանքով։ Նա նշել է, որ կառավարության ապրիլի 8-ի նիստում հանձնարարել է հնարավորինս շուտ սկսել երկխոսությունը։ «Իսրայելը բարձր է գնահատում Լիբանանի վարչապետի՝ Բեյրութի ապառազմականացման կոչը»,- հավելել է նա։
Իսրայելական կողմի բանակցությունները, ըստ լրատվականի, կղեկավարի ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Յեխիել Լեյտերը, իսկ քննարկումները նախատեսվում է սկսել հաջորդ շաբաթ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտում։
Սակայն լիբանանյան կողմը հայտարարել է, որ չի պատրաստվում որևէ բանակցության մասնակցել առանց նախնական հրադադարի։ Լիբանանի իշխանությունների անանուն ներկայացուցիչը CNN-ին հայտնել է, որ «կրակի տակ բանակցություններ չեն լինի»։ Նույն դիրքորոշումն է արտահայտել նաև լիբանանյան L’Orient Le Jour պարբերականը՝ նշելով, որ Բեյրութում համոզված են՝ ցանկացած բանակցությունից առաջ պետք է հաստատվի հրադադար։
Լիբանանում առաջարկում են այսպես կոչված «պակիստանյան բանաձևը», որը նախատեսում է երկշաբաթյա հրադադար, որից հետո 72 ժամվա ընթացքում կսկսվեն բանակցությունները։
Միևնույն ժամանակ, Նեթանյահուն ավելի վաղ հայտարարել էր, որ թեև հանձնարարել է պատրաստվել բանակցություններին, Իսրայելի բանակը չի դադարեցնի ռազմական գործողությունները «Հեզբոլլահ»-ի դեմ։ Լիբանանի նախագահի աշխատակազմն ու ԱԳՆ-ն էլ նշել են, որ Իսրայելի նախաձեռնության վերաբերյալ պաշտոնական ծանուցումներ դեռ չեն ստացել։
Իրավիճակը մինչ այդ շարունակում է լարված մնալ նաև տեղում. Aljazeera-ն գրում է, որ իսրայելական ուժերն ապրիլի 8-ին ընդամենը 10 րոպեի ընթացքում հարվածներ են հասցրել Լիբանանի ավելի քան 100 թիրախների՝ չնայած ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնությանը, որը շատերը կարծում էին, թե կներառի նաև Լիբանանը։
Ռմբակոծությունների ընթացքում հարյուրավոր մարդիկ շտապել են Բեյրութի Ամերիկյան համալսարանի հիվանդանոց։ Շատերը խուճապահար էին, երեխաները փորձում էին գտնել իրենց հարազատներին՝ չիմանալով՝ նրանք ողջ են, թե ոչ։
Մինչ հարվածները լիբանանցիների մի մասը հույս ուներ, որ Իրանի շուրջ հայտարարված հրադադարը կկանգնեցնի նաև Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև ավելի քան մեկ ամիս շարունակվող մարտերը, նշել է AP-ն:
Թիրախների մասին հստակ տեղեկություններ դեռ չկան։ Իսրայելը հայտարարել է, որ հարվածել է «Հեզբոլլահ»-ի հրամանատարական կենտրոններին, սակայն հաստատել է միայն մեկ բարձրաստիճան ներկայացուցչի օգնականի մահը։
Ռմբակոծությունների պահին խուճապի մատնված բնակիչները խցանումների մեջ են ընկել՝ փորձելով հասնել տուն և անվտանգ վայր տեղափոխել ընտանիքներին։ Շատերը հեռախոսազանգերով փորձել են կապ հաստատել հարազատների հետ՝ ծանրաբեռնված կապի պայմաններում։ Քաղաքում վարորդները շփոթված հետևում են երկինք բարձրացող սև ու սպիտակ ծխին՝ փորձելով հասկանալ, թե որ ուղղությամբ շարժվել։
Բեյրութի նավահանգստի մոտ ապրող Մարալ Մանիսը «Ազատություն» ռ/կ-ին փոխանցել է, որ ավիառումբերը հայկական հատվածներ չեն հասել, բայց ձայներից սարսափի մեջ էին բոլորը:
«Ձայնը հստակորեն լսեցի, քանի որ ես պատշգամբում էի, օդանավը կդառնար…վախցանք, շատ զորավոր եղավ…այդ աստիճանի վախեցանք»,- պատմել է նա:
Լիբանանուն հարվածները սկսվել են մարտի 2-ից:
