10 ապրիլի 2026 – 10:11 AMT
PanARMENIAN.Net – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը շարունակում է հավատարիմ մնալ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծն իրականություն դարձնելու հանձնառությանը։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը, տեղեկացնում է Արմենպրեսը:
«TRIPP-ը շարունակում է մնալ ԱՄՆ առաջնահերթություններից մեկը, քանի որ այն ունի Հարավային Կովկասում և դրանից դուրս խաղաղությունն ու բարեկեցությունը խթանելու ներուժ։ Թրամփի վարչակազմը շարունակում է հավատարիմ մնալ TRIPP-ը իրականություն դարձնելու հանձնառությանը»,- նշել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը։
Խոսնակը նաև հիշեցրել է, որ նախաձեռնությամբ նախատեսվում է ձևավորել բազմամոդալ տրանսպորտային հանգույց, որը կապահովի Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև կապը՝ միաժամանակ պահպանելով Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու իրավազորությունը, ինչպես նաև ապահովելով փոխադարձ օգուտներ Հայաստանի համար։
«TRIPP-ը կապահովի տարածաշրջանում միջազգային և ներպետական անխոչընդոտ փոխկապակցվածություն՝ ընդլայնելով տնտեսական աճի և բարեկեցության բարձրացման հնարավորությունները»,- նշել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը։
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի խոսքով՝ Ադրբեջանը հնարավորություն կունենա ուղիղ կապ հաստատել Նախիջևանի հետ, իսկ Հայաստանը կօգտվի տարածաշրջանային հաղորդակցությունների բարելավումից, ինչը հնարավորություն կտա բացել Հարավային Կովկասի տնտեսական ներուժը՝ պահպանելով երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու իրավազորությունը։
Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստանը համագործակցում է Միացյալ Նահանգների և փոխադարձ համաձայնությամբ ընտրված երրորդ կողմերի հետ՝ TRIPP նախաձեռնության կյանքի կոչման ուղղությամբ։
«TRIPP-ի և հարակից պայմանավորվածությունների մեկնարկին աջակցելու նպատակով Միացյալ Նահանգները ստանձնել է 145 միլիոն դոլարի նախնական պարտավորություն, որը կբացի տարածաշրջանային կայունությունն ու տնտեսական աճը։Այս միջոցները կաջակցեն Հայաստանում առևտրի, ենթակառուցվածքների և սահմանային անվտանգության ոլորտներում ներդրումներին և կավելացնեն տարածաշրջանային կապակցվածությունը»,- ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը։
Խոսնակը հավելել է, որ 2026 թվականի հունվարի 13-ին Միացյալ Նահանգները և Հայաստանը համատեղ հայտարարել են TRIPP-ի իրականացման շրջանակի հրապարակման մասին։
«Այս փաստաթուղթը ներկայացնում է TRIPP-ի գործարկման հստակ ուղին։ 2025 թվականի օգոստոսի 8-ին հաստատված սկզբունքների արտացոլմամբ՝ այն նաև ընդգծում է ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության և փոխադարձության կարևորությունը TRIPP-ի ընդհանուր հաջողության համար։Ինչպես նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, TRIPP-ը կանցնի «աշխարհում տնտեսական տեսանկյունից ամենակարևոր վայրերից որոշների միջով» և «կխթանի առևտրային ակտիվությունը Կասպից ծովի մյուս կողմում՝ օգնելով Կենտրոնական Ասիայի երկրներին»։TRIPP-ի վերջնական նպատակներն են ամրապնդել Հայաստանի և Ադրբեջանի բարեկեցությունն ու անվտանգությունը, ընդլայնել ԱՄՆ առևտրային հնարավորությունները՝ զարգացնելով տարածաշրջանային առևտուրն ու կապերը, ինչպես նաև ստեղծել նոր տարանցիկ կապեր Կենտրոնական Ասիայից և Կասպից տարածաշրջանից դեպի Եվրոպա»,- եզրափակել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։
TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։