Իրանի հետ բանակցությունների ձախողման ֆորմալ պատճառներից մեկը պետք է «օրակարգից հանվի»

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն կառավարությանը հանձնարարել է «նախապատրաստվել Լիբանանի հետ բանակցությունների», հայտնել է ռուսալեզու vesty-ն:

Բանակացությունների առանցքային հարցը, ինչպես պարզաբանել է Նաթանյահուն, «կլինի «Հըզբալա»-ի զինաթափումը և Իսրայելու ու Լիբանանի միջև հարաբերությունների հաստատումը»: Նա ողջունել է «Բեյրութը ապառազմականացնելու անհրաժեշտության» մասին Լիբանանի վարչապետի հայտարարությունը:

Ո՞վ և ի՞նչ լիազորություններով է Լիբանանի հետ բանակցելու, ե՞րբ և որտե՞ղ են հանդիպելու կողմերի ներկայացուցիչները, առայժմ հայտնի չէ: Ուշագրավ է, որ նույն օրը Միացյալ Նահանգները բացահայտել է Իրանի հետ իր բանակցողների ինքնությունը:

Պատվիրակությունը կգլխավորի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, կներգրավվեն Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը:

Լիբանանի հետ բանակցություններ սկսելու մասին Իսրայելի վարչապետի հայտարարությունը կարելի է համարել Իրանի դիվանագիտական հաջողություն: ԱՄՆ-ի հետ հրադադարի հաստատումից ի վեր Թեհրանը տարբեր մակարդակներով պնդել է, որ բանակցությունները «իմաստ չեն ունենա, եթե Լիբանանում նույնպես հրադադար չհաստատվի»:

Այդ առթիվ ԱՄՆ փոխնախագահ Վենսը Թեհրանի ընկալումը գնահատել է «թյուրըմբռնում» և պարզաբանել, որ Միացյալ Նահանգները «Հըզբալա»-ի դեմ Իսրայելի հարձակման հարցում որևէ պարտավորություն չունի:

Ըստ երևույթին, Իսմաբադում նախատեսված բանակցությունների խզման և պատերազմի վերսկսման վտանգը չափազանց բարձր է: Կարելի է ենթադրել, որ Լիբանանի հետ բանակցություններ սկսելու «հորդոր» Նաթանյահուին արվել է Վաշինգտոնից, որպեսզի Իրանի հետ բանակցությունների ձախողման ֆորմալ պատճառներից մեկը «օրակարգից հանվի»:

Իսրայելի պաշտպանության նախարար Կացը, սակայն, իրավիճակը ներկայացրել է այնպես, որ «ահաբեկչական «Հըզբալա»-ն հրադադար է աղերսել»:

Իհարկե, իսրայելա-լիբանանյան բանակցությունները դեռևս չեն մեկնարկել, դրանց արդյունքը չափազանց դժվար է կանխատեսել, բայց եթե Լիբանանի հարավում նույնպես հրադադար հաստատվի, ապա կարելի է եզրակացնել, որ Միացյալ Նահանգներն, իրոք, շահագրգռված է Իրանի հետ առարկայական բանակցություններով:

Բայց իրավիճակը որեւէ կանխատեսում անելու համար չափազանց փխրուն է:

Leave a Comment