
Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպ ունեցած Դավիթ Մինասյանի պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ բժշկական հետազոտությունների արդյունքում հաստատվել է, որ 18-ամյա Դավիթն ունի փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում։
Այսօր գլխավոր դատախազության մոտ հավաքված մի խումբ ակտիվիստներ պահանջում էին հանդիպում ՀՀ գլխավոր դատախազի հետ՝ պահանջելով ազատ արձակել 18-ամյա երիտասարդին։
Գլխավոր դատախազը, սակայն, չի հանդիպել ակցիայի մասնակիցների հետ։
Ակտիվիստները տեղում ստորագրահավաք են կազմակերպել՝ հաջակցություն Դավիթ Մինասյանի, և հանձնել Գլխավոր դատախազության նամակների բաժին։
Մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ավարտից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձել է դուրս գալ եկեղեցուց, երիտասարդներից մեկը փորձել է հարվածել նրան։
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ 2026 թվականի մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Դ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը), Մ.Մ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և Գ.Գ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը):