«Ազգում» համառոտ շարադրել էինք, որ մարտի 26-ին շվեյցարական «Նոյե ցյուրխեր ցայթունգի» թղթակից Յանա Քեհլը հասել էր Մեղրի, զրուցել բնակիչների հետ, լայնածավալ ռեպորտաժում ամփոփել հատկապես TRIPP-ին առնչվող տրամադրությունները: Որ ճանապարհով էլ Մեղրի հասած լիներ թղթակիցը, անհնար էր չնկատել Հյուսիս- հարավի եռուն շինարարությունը, որի Քաջարան-Ագարակ հատվածում դեռ 2025-ի սեպտեմբերի վերջին Մեղրի մեր այցի ժամանակ նկատեցինք իրանական շինընկերությունների ներգրավվածությունը:
TRIPP-ի, Հյուսիս-հարավի, Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի դասերի մասին ենք ստորեւ զրուցում միջազգայնագետ, հակամարտությունների կարգավորման, բանակցային գործընթացների փորձագետ Աննա Հեսս -Սարգսյանի հետ:
–ԱՄՆ – Իրան պատերազմը երկշաբաթյա հրադադարի փուլում է: Կարո՞ղ ենք ենթադրել, թե Իրանի տարածաշրջանային դիրքերն ամրապնդվում են, ինչն ազդեցություն է ունենալու նաեւ TRIPP-ի վրա:
– Հարցականները շատ են, անորոշությունների դաշտում ենք՝ այս հրադադար կոչվածը շարունակական կլինի՞, կողմերից ո՞ր մեկը հավանական սաբոտաժի կենթարկի, այս զինադադարը կդիմակայի՞, կյանք կունենա՞, թե՞ պատերազմական քաոսը կշարունակվի: Մանավանդ Լիբանանի մասով արդեն սաբոտաժ արեց Իսրայելը: Բայց մի բան հստակ է՝ գոնե կարճաժամկետ, TRIPP-ի վրա ազդեցությունը բացասական է՝ հազարումի ակնհայտ պատճառներով: Առաջին՝ թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Իրանի համար TRIPP-ն իրենց առաջնահերթությունը չէ: Երկրորդ՝ Իրանն ավելի զգայուն եւ նյարդային է լինելու իր սահմաների մերձավորությամբ ԱՄՆ ներկայության վերաբերյալ: Երրորդ՝ ԱՄՆ-ի համար էլ այս պահին բացարձակ առաջնահերթ չէ, թե TRIPP-ն ինչ պիտի լինի: Բայց նաեւ՝ հետաքրքիր պարադոքսալ կարեւորություն է ստանում TRIPP-ը Միացյալ Նահանգների համար՝ Իրանը շրջանցելու կամ առեւտրային ճանապարհներն Իրանից կտրելու առումով, եւ որքան կառուցելն ավելի մեծ կարեւորություն է ստանում, նույնքան ավելի այն դժվարանում է: Միջնաժամկետ դժվար է հասկանալ ի՞նչ կլինի, բայց կարեւոր է նաեւ, թե ՌԴ-ն այս՝ վերահաստատվելու հնարավորությունն ինչպես է տեսնելու: Որովհետեւ հեղհեղուկ վիճակում իրադրությունը փոխվում է՝ տարածաշրջանային խաղացողների հետաքրքրությունները, հնարավորությունները նույնը չեն մնում:
–Հենց սկզբից TRIPP-ի մասին կարծիք կար, թե ԱՄՆ-ի հովանավորած այդ ուղին իրականություն չի դառնալու, քանի որ Հյուսիս-հարավն արդեն վերաշխուժացել էր:
-Ես այդ կարծիքին չեմ: Բայց կարեւոր է հասկանալ հետեւյալը՝ եթե աշխարհաքաղաքական գործոնները դեռ լուսաբանման կարոտ են, չի կարող որեւէ միջանցք կառուցվել: Ինձ համար առավել կարեւոր հարց կա: Մեղրիում էի 2025-ի տարեվերջին, մեկ տարվա բացակայությունից հետո: Ի զարմանս տեսա, թե Հյուսիս- հարավի այդ մի մասը, ճանապարհային այդ ենթակառույցն ինչպես է ակտիվ կառուցվում: Արդեն 2025-ի հունիսին Իրանի դեմ պատերազմ էր եղել: Հարց առաջացավ՝ երկու թշնամի պետություն այստեղ ինչպե՞ս են փորձում զուգահեռ միջանցք կառուցել: Իրանն արդեն դա անում է, իսկ TRIPP-ը թղթի վրա է: Սա ինչպե՞ս է զուգահեռ ընթանալու: Ինձ թվում է՝ պատերազմը դրա պատասխանը տվել է: TRIPP-ը որպես տնտեսական ծրագիր վատը չէ: Գաղափարը հետաքրքրական է, բայց թե՛ քաղաքական, թե՛ աշխարհագրական լուրջ, խնդրահարույց հարցեր կան, հետեւաբար այն միայն տնտեսական չէ: TRIPP-ը հիմա սառեցվելու է, թղթի վրա է մնալու: Միջնաժամկետ շատ բան է փոխվելու: Հետաքրքրվեցի եւ հասկացա, որ այժմ էլ դեռ շարունակվում են Հյուսիս-հարավի՝ Իրանի կողմից կատարվող աշխատանքները, նույնիսկ պատերազմի ժամանակ չեն դադարել:
Մի քանի կարեւոր ուղերձ Հայաստանի հասարակության մտածող հատվածին կամ ՀՀ կառավարությանը. Հստակ է դառնում, թե որքան անվստահելի է Թրամփը, ԱՄՆ-ն՝ որպես գործընկեր, նույնքան, որքան ՌԴ-ն: Երբ քննադատում են ՌԴ-ին՝ ասելով, թե վստահելի չէ, որն իհարկե ճիշտ է, նույնը ԱՄՆ-ն է: Այս պատերազմը ցույց տվեց, որ ԱՄՆ-ն, հատկապես Թրամփի նախագահությամբ, բացարձակ վստահելի չէ: Շատ հստակ երեւում է դա Ծոցի երկրների հանդեպ ԱՄՆ գործելակերպով, որ հրահրեց Իրանին հարձակվել այդ երկրների տարբեր բազաների վրա: Հույս ունեմ, որ մեր հասարակությունն ու քաղաքական գործիչները տեսնում են, որ որեւէ գերտերություն վստահելի գործընկեր չէ, եթե իր շահերից չի բխում: Նահանգների՝ որպես գերտերության այն մոտեցումը, թե իրենց շահերն ամենակարեւորն են, շատ հանգիստ իրենց գործընկերներին կարող են հանուն իրենց շահի զոհաբերել, տեսանք: TRIPP-ի շրջանակներում, բնականաբար հասկանալի է, որ Թրամփի անունով երդում ուտելն ամենամեծ հիմարությունը պետք է լինի: Կարեւոր դաս է նաեւ տեսնելը ցանկացած պայմանավորվածության, խաղաղության ցանկացած պայմանագրի փխրունությունը, երբ աշխարհաքաղաքական համատեքստը դրան չի նպաստում:
–Տիկին Հեսս- Սարգսյան, կարելի՞ է գնահատել, թե այս պատերազմը, Իսրայելի գործոնով պայմանավորած, բաժանում է Ադրբեջան-Թուրքիա շահերը: Այս պայմաններում Թուրքիան կբացի՞ ՀՀ-ի հետ սահմանը:
– Կվարանեի միանշանակ գնահատել, ինձ համար շատ հստակ չէ, թե այդ շահերը բաժանվել են, դրանք շատ հոսուն են: Գործընթացները դեռ հեղհեղուկ են, մեր խոսելուն զուգընթաց փոխվում են: Ես սահմանի բացումը ուղիղ չեմ կապում դրա հետ: Վերջնականացված տեսքի մեջ չեն: Երկրորդ, երրորդական կապ՝ միգուցե, բայց առաջնային կապ չեմ տեսնում: Սահմանը բացելու ուրիշ գործոններ էլ կան: Հիմնականն ըստ իս կախված է ՀՀ- Ադրբեջան պայմանագրի վերջնական ստորագրման բախտից:
–Ո՞ր ուղին, երկիրն է Սյունիքի, հետեւաբար՝ ՀՀ-ի անվտանգության երաշխավորը:
-Ուժեղ եւ ինքնաբավ Հայաստանը պիտի լինի երաշխավորը: Այսօր մենք աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական այնպիսի մի համատեքստի մեջ ենք, որտեղ որեւէ մեկի վրա հույս դնել չի լինում: Միայն՝ սեփական ուժերին: Իրանի դիրքորոշումը, ընթացող պատերազմը, այս ասիմետրիկ վիճակներում ցույց տվեց, թե որքան կարեւոր է, որ ինքդ քո համակարգի վրա դնես հույսդ: Ըստ էության Իրանը մենակ է, դա հասկացել է Իրաքի դեմ պատերազմի ժամանակ ու հույսն իր համակարգի վրա է դրել: Այդ համակարգն անհամաչափ է եղել Իսրայելի, ԱՄՆ-ի ռազմական, քաղաքական ներուժի համեմատ, մեծ է ուժային անհամաչափությունը, բայց Իրանը ցույց տվեց, որ կարող է դիմակայել, քանի որ ունի իր առանցքը, հույսն իր վրա է դրել: ՀՀ-ը Իրան չէ, չունենք դարերով պետականություն կերտելու ռազմավարության, դիվանագիտության, ռազմական արվեստի, այդ բոլորի համադրումը, ցավոք, չունենք, բայց երեւույթն ինքնին լավ ուղերձ է՝ հույսդ քո վրա պիտի դնես, մնացածն էլ բալանսավորես: Դաշինք կազմելը պիտի լինի ոչ թե օդային արժեքների, այլ՝ կոնկրետ հարցերի, խնդիրների հիման վրա: Պատմաբան Թուկիդիդեսը «Մելոսյան երկխոսություն» աշխատությունում նկարագրել է այժմ մեր օրերում գործող ջունգլիների օրենքը, «երբ ուժեղներն անում են այն, ինչ կարողանում են, իսկ թույլերը ստիպված են լինում տառապել դրանից կամ զիջել, որքան կարող են»:
Հետեւաբար հույսդ քո վրա պիտի դնես, ոչ թե ուրիշների: Իրանի դեմ պատերազմի դասերը մեզ համար շատ կարեւոր են: Ոչ մի բանակցային գործընթաց երաշխիք չէ, որ քեզ վրա չեն հարձակվելու, եթե հակառակորդդ, թշնամիդ քաղաքական հաշվարկներ ունի եւ դրանք քաղաքական ճանապարհով չէ, այլ՝ ռազմականով է ուզում լուծել: Ոչ մի դաշնակցային հարաբերություն հարատեւ չէ, վստահելի չէ: Հույսդ քո վրա պիտի լինի միանշանակ: Դաշնակիցներն էլ գալիս-գնում են, պիտի հասկանաս՝ ինչպես օգտագործես: Իրանը ցույց տվեց, որ ասիմետրիկ ռազմական կարողություններով դիմադրել հնարավոր է, եթե ճիշտ ես գործածում քո ռեսուրսը:
Հարցազրույցը վարեց ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ
Գերմանիա