Հատուկ  Ծառայություններ. Պատերազմը Իրանում շարունակվում է

Վերջին հոսքերը

Բենիամին Նեթանյահուի կառավարությունը  իր նախորդ պատերազմը Իրանի դեմ սկսեց 2025թ. հունիսին:  Այդ պատերազմը Իսրայելը նույնպես (ինչպես 2026թ. փետրվարի 28-ի պատերազմը) սկսեց «նպատակաուղղված սպանություններով»: Զոհերի մեծ մասը գտնվում էին իրենց տներում, եւ նրանց պահպանում էին «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի («ԻՀՊԿ») հատուկ ջոկատայինները»: Այդ ժամանակահատվածում «ԻՀՊԿ» ղեկավարները, չգիտես ինչու, կարծում էին, որ «Մոսսադի» (Իսրայելի հետախուզությունը) գործակալները կհայտնվեն մոտոցիկլետներով եւ կգնդակահարեն պետության նշանավոր դեմքերին, ինչպես դա արեցին միջուկային գիտնականներին, որոշ ժամանակ առաջ:

Այդ պահապաններին արգելված էր օգտագործել հեռախոսներ կամ որեւէ էլեկտրոնային սարքեր, որպեսզի կանխարգելվեր նրանց գտնվելու վայրի տեղորոշումը:

Այնուամենայնիվ թիկնապահներից մեկը «Facebook» սոցիալական ցանցով հայտնել էր ինչ-որ մեկին իր հերթապահության վայրը: Այդ 12-օրյա պատերազմից հետո Իրանի իշխանությունները հրամայեցին թիկնապահների վրայից հանել տեղորոշման սարքերը:

Բայց ինչպես հայտնի դարձավ (ես գրել էի այդ մասին իմ նախորդ հոդվածում -«ԱԶԳ»-13-19 մարտ 2026թ.) Մոսսադին եւ ամերիկյան հետախուզությանը (ԿՀՎ) հաջողվել էր թափանցել Թեհրանի փողոցային տեսախցիկների ու բջջային կապի համացանց եւ հայտնաբերել էին պետության բարձրագույն ռազմական ու հոգեւոր ղեկավարության հանդիպման վայրը եւ ժամանակը:

Ինչպե՞ս պատահեց, որ նախկին պատերազմից (հունիս 2025թ.) 9 ամիս հետո  (փետրվար 2026թ.) Իսրայելի հետախուզությանը հաջողվեց  կիբեռ հաջողությունների հասնել 2-րդ պատերազմի սկզբին:

Իսրայելի հայտնի լրագրող Ռոնեն Բերգմանը, որ մասնագիտացած է հետախուզական գործողությունների ուղղությամբ, գրում է, որ Իսրայելի Զինված ուժերը եւ հատուկ ծառայությունները երկար տարիներ պատրաստվել էին այդ պատերազմին եւ հատկապես կիբեռ գործողություններին: Պատրաստվել պատերազմի, իհարկե չի նշանակում, պարզապես տեղեկատվություն հավաքել, այլ մշակել գործողությունների պլաններ նույնիսկ եթե ձախողումների թիվը ավելի մեծ է, քան հաջողությունները:

Վերջին ժամանակահատվածում  Իսրայել-ԱՄՆ կոալիցիային հաջողվեց ֆիզիկապես վերացնել Իրանի 4 բարձրաստիճան ղեկավարների; Ալի Լարիջանիին (անվտանգության խորհրդի քարտուղարին), Ղոլամրեզա Սուլեյմանիին («Բասիզ» աշխարհազորի ղեկավարը), Էսմայիլ Հաթիբին (հետախուզության ղեկավար), Ալի Մոհամմեդ Նաինիին (ՀՀՊԿ – մամլո քարտուղար):

Եվ այսպես, Իսրայելի հատուկ ծառայություններին եւ ԶՈՒ-ին հաջողվել էր նախկինում ֆիզիկապես վերացնել նաեւ «Հեզբոլլա»-ի լիդեր Հասան Նասրալլային, նրա տեղակալ Ֆուադ Շուքրային եւ «ՀԱՄԱՍ»-ի ղեկավար Իսմայիլ Հանիին (վերջինիս վերացրին Թեհրանի հյուրանոցներից մեկում):

Իսկ ահա արդեն ապրիլի 6-ին, առավոտ կանուխ, Իսրայելի զինված ուժերին հաջողվեց սպանել նաեւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի  հետախուզության պետ Սեիդ Մոզիդա Խադեմիին:

Հետախուզության նախկին ղեկավարը՝ Մոհամմեդ Քազեմին, սպանվել էր 2025թ. հունիսի 15-ին (12 օրյա պատերազմի ընթացքում):

Նշեմ, որ բոլորովին վերջերս Խադեմին հայտարարել էր, որ Իսրայելին ինֆորմացիոն աջակցություն էին ցուցաբերել արտասահմանյան հատուկ 10 ծառայություններ:

Բերգմանը իր հոդվածներում նշում է, որ աշխարհին ավելի հայտնի է իհարկե «Մոսսադ» հետախուզական ինստիտուտը (այսպես են նրան անվանում Իսրայելում), սակայն պակաս կարեւոր հետախուզական աշխատանք չի տանում նաեւ «Շին Բեթը» – ռազմական հետախուզությունը: Կա նաեւ այսպես կոչված 8200 ստորաբաժանումը, որը զբաղվում է կիբեռպատերազմով, թվային հսկողությամբ (цифровая слежка – digital surveillance),  տեղեկատվական տեխնոլոգիաներով եւ հեռախոսային  խոսակցությունների հսկողությամբ (mass management of wiretaps – массовое управление прослушивания).

Պարզապես ընթերցողիս շատ չծանրաբեռնելու, բայց եւ այնպես հետաքրքրությունը գոհացնելու համար նշեմ, որ Իսրայելի հետախուզական կազմակերպությունները երկար ժամանակ ուսումնասիրել են (2000 կմ հեռավորությունից) Իրանի ռազմա-քաղաքական լիդերների թիկնապահների ապրելակերպը, նիստ ու կացը ( life patterns  – « образ жизни »), հասցեները, աշխատանքային օրակարգը, երթուղիները, մեքենաների կայանման վայրերը, անհրաժեշտ պահին նրանց «միջոցով» ղեկավարներին հայտնաբերելու համար:

Պարզապես ի գիտություն հայտնեմ, որ Իսրայելի մտերիմ եւ հավատարիմ դաշնակից Ադրբեջանը նույնպես կունենա այդ տեխնիկական հնարավորությունները:

Այսպես է հայտնաբերվել նաեւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Լարիջանիի գիշերելու վայրը մարտի 16-ին (Թեհրանի ծայրամասերից մեկում): Օդուժի հարվածներից սպանվել է Լարիջանին եւ նրա որդիներից մեկը:

Իսրայելում այս նպատակաուղղված սպանությունները (չնայած դրանց անօրինականությանը եւ բացասական բարոյական կողմին) առաջացնում են հասարակության որոշակի շերտերում հպարտություն, վրեժխնդրության զգացում, բավարարվածություն:

Ալի Լարիջանի, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար, զոհվել է 17.03.2026
Ղոլամռեզա Սոլեյմանի, «Բասիջ» աշխարհազորայինների հրամանատար, զոհվել է 17.03,2026
Էսմայիլ Խաթիբ, Իրանի հետախուզական ծառայության պետ, զոհվել է 18.03.2026
Ալի Մոհհամադ Նաինի, ԻՀՊԿ =Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի խոսնակ, զոհվել է 20.03.2026
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության պետ, գեներալ-լեյտենանտ Սեյեդ Մաջիդ Խադեմի, զոհվել է 06.04.2026

Իմ կողմից նշեմ, որ հետախուզության (եւ լրտեսության) նման աշխատանքը առաջացնում է խառը զգացումներ՝ հիացմունքից մինչեւ զզվանք: Նայած հասկացության ո՞ր խավի մոտ, նայած թե ինչքա՞ն պատահական անձինք են զոհվում կամ տուժում գործողությունների ընթացքում, նայած թե այդ հասարակության հետախուզական կյանքում, կրթական համակարգում ի՞նչ տեղ են զբաղեցնում դետեկտիվ-լրտեսական ֆիլմերը, գրքերը, հեռուստասերիալները: Եվ, իհարկե, նայած թե հասարակությունը ի՞նչ կարծիք ունի  իր երկրի հատուկ ծառայությունների մասին:

ԱՄՆ ԿՀՎ-ն (Կենտրոնական հետախուզության վարչություն) տնօրեն Ջոն Ռետկլիֆֆը, սենատի հետախուզության կոմիտեի հերթական նիստին՝ նվիրված գլոբալ սպառնալիքներին (մարտի 18, 2026թ.) ելույթ ունեցավ եւ հայտարարեց, որ Իրանը Ռուսաստանից եւ Չինաստանից հետախուզական տեղեկատվություն է ստանում եւ այն օգտագործում ռազմական գործողությունների ընթացքում: Տնօրենը  հայտարարեց, որ իր գաղտնի զեկույցում կնշվեն մանրամասներ այդ մասին:

Ընդ որում, ըստ որոշ տեղեկությունների, Ռուսաստանը չտրամադրեց Իրանին Տ-400 ՀՕՊ զենիթային  համակարգեր, նախագահ Թրամփի հետ պայմանավորվածության արդյունքում:

Եվ այսպես, որքա՞ն կշարունակվի այս պատերազմը: Նախագահ Թրամփը հայտարարում է, որ ինքը եւ վարչապետ Նեթանյահուն միասին կորոշեն, թե ե՞րբ ավարտեն ներկա պատերազմը:

Բայց Թրամփը արդեն երկրորդ անգամ է դիմում Իսրայելի կառավարությանը, որպեսզի դադարեցնեն Նեթանյահուի դեմ քրեական հետապնդումները: (Վերջինիս դեմ 3 քրեական գործեր կան հարուցված, այդ թվում՝ կաշառակերության համար): Դատը առայժմ կանգնեցված է, քանի  Իսրայելում արտակարգ իրավիճակ է հայտարարված:

Միգուցե՞ սա է պատասխանը որքա՞ն կտեւի պատերազմը հարցին: Այնքան՝ քանի դեռ Նեթանյահուին դատելու վտանգը առկա է: Իսրայելի իրավաբանները գտնում են, որ դատը կարող է ձգձգվել 9-12 ամիս:

Թրամփը միեւնույն ժամանակ խստիվ պահանջում է անմիջապես բացել Հորմուզի նեղուցը՝ նեղ ջրային տարածքը Իրանի եւ Օմանի միջեւ, համաշխարհային կարեւոր առեւտրային երթուղին նավթի եւ բնական գազի համար:

Նշենք, որ ռազմական կոնֆլիկտը շարունակվում է արդեն 6 շաբաթ, էներգետիկ եւ վառելիքային ցնցումները թանկացնում են կյանքը ամբողջ աշխարհում:

Ի՞նչ շահ ունի այս ամեն ինչում Ռուսաստանը: Նավթի եւ գազի գների բարձրացումը, իհարկե աշխատում է Ռուսաստանի տնտեսության օգտին, բայց,  մյուս կողմից, ակնհայտ է, որ պատերազմական վիճակներում, Ռուսաստանի դաշնակիցները (որոնց  թվում է նաեւ Իրանը) այնքան էլ չեն կարող հույս դնել Ռուսաստանի ռազմական օգնության վրա: Այո՛, կա հետախուզական տվյալների տրամադրում, ռազմամթերքի եւ ռազմական տեխնիկայի տրամադրում (այդ թվում եւ ՀՕՊ Տ-300 զենիթային  համակարգեր), բայց դա շատ քիչ է, երբ պատերազմ ես վարում ԱՄՆ-ի եւ Իսրայելի պես պետությունների դեմ: Օրինակի համար վերցնենք Ադրբեջան պետությունը, որին Հայաստանի եւ Արցախի դեմ պատերազմելիս ռեալ ռազմական օգնություն էին ցուցաբերում Թուրքիան, Պակիստանը, ահաբեկչական կազմակերպությունները, ինչեպս նաեւ հենց նույն Իսրայելը:

Վերադառնանք մեր թեմային: Նույն Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում Իրանի ամենառեալ օգնությունը այն էր, որ ամենակրիտիկական պահին Իրանը ՌԴ-ին տրամադրեց «Շահեդ» անօդաչու սարքերը, որոնք օգտագործելու համար ռուս մասնագետները արագ պատրաստվեցին Թեհրանում, ապա համապատասխան գործարան հիմնադրվեց Ռուսաստանում եւ, ամենակարեւորը, ՌԴ-ին իշխանությունները Իրանի օգնությամբ սովորեցին շրջանցել տնտեսական սանկցիաները:

Կարճ ամփոփում: ՌԴ-ի համար իրանական պատերազմը երկրորդական դեր ունի, առաջնահերթը Ուկրաինայի դեմ պատերազմն է, մինչ ԱՄՆ-ի համար ՌԴ-Ուկրաինա պատերազմը երկրորդական նշանակություն ունի: Առաջնահերթը Իրանի դեմ պատերազմն է: Այսպես ստեղծվում է ինչ-որ հավասարակշռություն: Բայց եւ նշենք մի կարեւոր հանգամանք եւս. ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Չինաստանի համար շատ կարեւոր է, որ Իրանում իշխանափոխություն չլինի, մինչդեռ իշխանափոխությունը շատ կարեւոր է Իսրայելի եւ ԱՄՆ-ի համար:

Ինչպես նշում է նախկին խորհրդային հետախույզ, այժմ անկախ քաղաքական վերլուծաբան (բնակվում է ԱՄՆ-ում) Յուրի Շվեցը, այս պահին կարեւորն այն չէ, ով շատ հրթիռ եւ դրոն կարող է  օգտագործել ռազմական կոնֆլիկտում, այլ կարեւոր է ով հնարավորություն ունի հարցեր լուծել Հորմուզի ջրանցքով նավթ, գազ, պարարտանյութեր եւ հելիում անցկացնելու գործում: Իսկ այդ միակ պետությունը այս պահին Չինաստանն է:

Եվ այսպես, աշխարհաքաղաքականության մեջ վակուում չի լինում: Հեռանում է ինչ-որ մի ուժ, նրա տեղը անմիջապես զբաղեցնում է մեկ ուրիշը:

Վերադառնանք մեր իրականությանը: Եթե Իրանը պարտվի (Աստված մի արասցե), տարածաշրջանում այդ պետությունը չի կարող այլեւս լինել կանխարգելիչ գործոն: Ուժի մեջ կմտնի թուրքական աղեղը (ՑցՐպՓՍՈÿ ՊցչՈ – Turkish arc): Թուրքիան եւ Ադրբեջանը  «գործելու» ազատություն են ստանում, քանի որ Ռուսաստանն էլ շատ խառը վիճակում է եւ թե ե՞րբ կավարտվի այդ պատերազմը՝ նույնպես չի երեւում: Եվ իհարկե, վերոհիշյալ 2 պետությունները կպահանջեն այսպես կոչված էքստերիտորիալ միջանցքը Սյունիքի տարածքով (40 լմ):

Սյունիքի բնակչությունը մոտավորապես 130.000 է, տարածքը՝ 4000 քկ: Եթե այս տարածքը դառնա էքստերիտորիալ, ապա Սյունիքը գրեթե կհայտնվի  կիսամեկուսացված վիճակում: Իսկ Նախիջեւանը այս պարագայում, մեկուսացված անկլավից (500.000 բնակչությամբ) դառնում է հաստատուն «կամուրջ» Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ:

Իրանի առեւտրի ամենախոշոր գործընկերներից մեկը Չինաստանն է: Եթե Իրանը պարտվի եւ տեղի ունենա իշխանափոխություն (հուսանք, որ չի պատահի դա) Չինաստանը կորցնում է  մի կարեւոր օղակ «Մեկ գոտի – մեկ ճանապարհ» նախագծում: Եթե նախագծի այս օղակը փակվի, բեռները Չինաստանից Եվրոպա պետք է անցնեն Կենտրոնական Ասիայով, Կասպից ծովով, Հարավային Կովկասով, այնուհետեւ Սեւ ծովով, այսպես կոչված «միջին միջանցքով»:  Հայաստանը նույնպես կարող է այդ նախագծի մաս դառնալ:

Բայց մի բան էլ հաշվի առնենք: Հայաստանը մի երկիր է, որ սահմանակցում է Իրանի հետ, բայց միեւնույն ժամանակ գործընկեր է Արեւմուտքի հետ, Չինաստանի, Ռուսաստանի եւ նշենք՝ Հնդկաստանի հետ:

Հնդկաստանի աշխարհի առաջատար լիդերներից մեկն է  IT – Outsourcing  բիզնեսում (դա  ընկերությունների տեղեկատվական սպասարկում է): Բացի այդ, Հնդկաստանին հարկավոր է դաշնակից Հարավային Կովկասում, իսկ դա կարող է լինել Հայաստանը: Այն զինատեսակները, որ Հնդկաստանը տրամադրում է Հայաստանին («Պինակա», «Աքաշ», «Աթաքս»), նախազգուշացում է «Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան-Իսրայել» կոալիցիային – «Հայաստանը ունի ռազմաքաղաքական հովանավոր»: Չմոռանանք նաեւ մեր մյուս հարեւան՝ Վրաստանի մասին, դա մեր միակ ճամապարհն է դեպի Սեւ ծով (Բաթումի, Փոտի): Այս ճանապարհով է գնում Հայաստանի արտահանումն ու ներմուծումը (экспорт – импорт): Ցավոք սրտի Վրաստանը իդեալական գործընկեր չէ Հայաստանի համար:

Չմոռանամ նշել, որ Պակիստանը կարեւորագույն դեր է  խաղում իրանական ռազմական կոնֆլիկտը կանգնեցնելու գործում: Գոյություն ունի հրադադարի 15 կետ, որոնք առաջարկել է Թրամփը, բայց Իրանը առայժմ չի ընդունել դրանք:

Պատերազմը  Իրանում բարդություններ է ստեղծում Հայաստանի համար, օր. Բենդեր-Աբբաս նավահանգստում կուտակվել են չբեռնաթափված հայկական ապրանքներ, որոշ համատեղ նախագծի իրականացումը վտանգի տակ է, օրինակ՝ 32 կմ ճանապարհը (Ագարակ-Քաջարան) կառուցումը, էլեկտրոհաղորդակցման երրորդ գիծը եւ այլն: Հայտնի չէ նաեւ ինչո՞վ կվերջանա «TRIPP» նախագիծը:

Մի խոսքով, այս պատերազմը Հայաստանին ոչ մի լավ բան չի խոստանում:

Առաջ էլ եմ գրել, հիմա էլ կրկնում եմ. Հայաստանին հարկավոր է՝

1. Ուժեղ ժամանակակից ռազմական տեխնիկայով զինված բանակ

2. Ուժեղ հատուկ ծառայություններ, հակահետախուզության եւ  հետախուզության արհեստավարժ կադրերով:

3. Ներկա իրադրությունը ճիշը վերլուծող եւ ապագան կանխատեսող ուժեղ դիվանագիտություն:

4. Ներքին կայուն իրավիճակ Հայաստանում:

Իրանին մաղթենք դիմացկունություն…

ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Անվտանգության հարցերով փորձագետ

Leave a Comment