Երևանում կայացած հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի արտգործնախարար Երմեկ Կոշերբաևի հետ քննարկել է երկկողմ կապերի զարգացումը և տարածաշրջանում հաղորդակցության նախագծերի իրականացումը, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Փաշինյանի խոսքով՝ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները դրական ազդեցություն ունեն նաև Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության վրա, մասնավորապես, Ադրբեջանի, Ռուսաստանի և Վրաստանի միջոցով հաստատված երկաթուղային հաղորդակցությունը նոր ազդակ է հաղորդում առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը։
Ղազախստանի ԱԳ նախարարը նշել է, որ հաստատված երկաթուղային հաղորդակցությունը էապես ընդլայնելու է երկկողմ առևտրատնտեսական կապերը։ Կողմերը քննարկել են ենթակառուցվածքների, շինարարության, գյուղատնտեսության, տեխնոլոգիաների, ավիահաղորդակցության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։ Այդ առումով, կարևորվել է Հայաստանի և Ղազախստանի միջև ուղիղ ավիաչվերթերի իրականացումը, որոնք կմեկնարկեն առաջիկայում։
Կոշերբաևը Հայաստան էր ժամանել ապրիլի 8-ին։
