ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը պատրաստվում է նվազեցնել Լիբանանի վրա իրականացվող հարվածները՝ նպաստելու առաջիկա խաղաղության բանակցություններին։
NBC News-ին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ այդ հարցը քննարկել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։
«Ես խոսել եմ Բիբիի հետ, և նա պատրաստվում է զուսպ լինել։ Կարծում եմ՝ հիմա պետք է մի փոքր ավելի զուսպ լինել»,-ասել է նա։
Թրամփը հաստատել է, որ Իսրայելը «նվազեցնելու է» ռազմական գործողությունները և հավելել, որ «շատ լավատես» է Իրան-ԱՄՆ բանակցությունների հաջողության հարցում, որոնք նախատեսվում են անցկացնել Իսլամաբադում։
Նա նաև նշել է, որ Իրանը «համաձայն է այն ամենի հետ, ինչի պետք է համաձայնվի», և ընդգծել, որ իրանցի պաշտոնյաները «ավելի ողջամիտ» են փակ բանակցությունների ընթացքում, քան հրապարակային հայտարարություններում։