Հյուսիսատլանտյան դաշինքի ԱՄՆ դաշնակիցները անում են այն ամենը, ինչ Վաշինգտոնը խնդրում է նրանց անել Իրանում ռազմական գործողության վերաբերյալ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն այս հայտարարությունն արել է Վաշինգտոնի Ռոնալդ Ռեյգանի ինստիտուտում։
«Եկեք նայենք վերջին զարգացումներին. երբ ժամանակը հասավ Իրանում Միացյալ Նահանգներին անհրաժեշտ լոգիստիկ և այլ աջակցություն ցուցաբերելուն, որոշ դաշնակիցներ, առնվազն, մի փոքր դանդաղ արձագանքեցին: Արդարության համար պետք է ասել, որ նրանք նաև մի փոքր զարմացած էին. առաջին հարվածների անակնկալի տարրը պահպանելու համար նախագահ (ԱՄՆ Դոնալդ) Թրամփը որոշեց նախապես չտեղեկացնել դաշնակիցներին, և ես դա հասկանում եմ», – ասել է նա։
Ըստ նրա, ՆԱՏՕ-ի անդամները «հսկայական աջակցություն» են ցուցաբերում Միացյալ Նահանգներին Իրանի դեմ պատերազմի հետ կապված՝ տրամադրելով ռազմական բազաներ, լոգիստիկ և այլ օգնություն: «Գրեթե առանց բացառության դաշնակիցներն անում են այն ամենը, ինչ Միացյալ Նահանգները խնդրում է: Նրանք լսել են նախագահ Թրամփի խնդրանքը և արձագանքում են դրան», – հավելել է դաշինքի գլխավոր քարտուղարը։
Նա նաև նշել է, որ Մեծ Բրիտանիան կգլխավորի երկրների կոալիցիա, որը կհամակարգի «ռազմական, քաղաքական և տնտեսական գործիքները»՝ Հորմուզի նեղուցով ազատ անցումն ապահովելու համար։
Ավելի վաղ Handelsblatt թերթը հայտնել էր, որ ՆԱՏՕ-ն ուսումնասիրում է Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունն ապահովելու համար ռազմածովային առաքելություն տեղակայելու հնարավորությունը: Թերթի աղբյուրները նշել են, որ առաքելությունը սկզբում կարող է մեկնարկել որպես «կամավորների կոալիցիա», որի ղեկավարությունը հուլիսին Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կփոխանցվի դաշինքի հրամանատարական կառույցներին: