Նիկոլ Փաշինյանի «էքզիթ պլանը»․ «Կարճ ասած»

 

Հայաստանում հակառուսական տրամադրությունները, որ վերջին տարիներին ուժգնությամբ հեղինակում-գեներացնում էր իշխանությունը, եկել-հասել է մի կետի, որը հենց սահմանագիծն անց է։ Իշխանության, ինչու չէ, նաև շատ քաղաքացիների մոտ մոդա է դարձել Փաշինյանի իշխանության պատճառով մեր գլխին եկած բոլոր ողբերգությունների մեջ Ռուսաստանին մեղադրելը։ Հիմա, երբ ամեն ինչ ավելի սրացավ, արդեն տեսնում եմ շատերի մոտ մթագնած գիտակցության բացում, սկսել են հասկանալ ռեալ վտանգը։ Խոսքը իշխանության մասին չէ։ Նիկոլի արտաքին քաղաքականությունը, որը քանդեց Արցախը, քանդեց Հայաստանի անվտանգային համակարգը, հիմա էլ քանդում է տնտեսությունն ու տնտեսական անվտանգությունը։

Փաշինյանենք ասում են՝ կմնանք ԵԱՏՄ-ում, մինչև դառնանք ԵՄ անդամ։ Ռուսաստանն ասում է՝ այդպես չի լինում, դու շուտով պետք է որոշում կայացնես, այլապես կկայացնենք մենք։ Այսինքն՝ Հայաստանին կարող են դուրս հանել ԵԱՏՄ-ից, խզել ՌԴ հետ կապերը՝ իր բոլոր հետևանքներով․ Իհարկե՝ կարող են սրանք մի 20 տարի անհույս բանակցել ԵՄ-ի հետ, և, ի վերջո, նեղացած նահանջել։

Իսկ ի՞նչ տնտեսական վտանգներ են մեզ սպառնում։ Այն, որ գազի գինը 177 դոլարից հնարավոր է դառնա 600 դոլար, ուղղակի թվեր են սովորական քաղաքացու համար, կարող է և լավ չպատկերացնել էֆեկտը։ Ժողովուրդ ջան, դա նշանակում է՝ մեկ խորանարդ մետր գազի գինը մոտ 500 դրամ կարող է դառնալ։ 9 մլն դրամ պարգևավճար ստացող ՔՊ-ական նախարարը կասի՝ հետո՞ ինչ, կվճարենք․ բայց իրականում 50 տոկոս աղքատության մեջ գտնվող երկրի ամեն բնակչի համար կարևոր է։ Բայց գազի գինը, ընդամենը մեկն է։ Մեկն ասում է՝ Ռուսաստանը և ԵԱՏՄ-ն մեր կարիքն ավելի շատ ունեն, քան մենք իրենցը։ Ու էդ ասողը թվերին չտիրապետող, իր ոլորտից չհասկացող մեկն է, մի պոպուլիստ, որը Քաջ Նազարի բախտով նախարար է։

Վերջին փոդքասթում ՀՀ երկրորդ նախագահը թվեր է բերում, որ Հայաստանի առևտրի 35 տոկոսը ՌԴ-ի հետ է, իսկ ուկրաինական պատերազմով պայմանավորված, գումարած վերաարտահանումները՝ շուրջ 60 տոկոս։ Իսկ Ռուսաստանի արտաքին առևտրի ծավալի մեջ Հայաստանը կազմում է ընդամենը 0,5 տոկոս։ Էն որ ասում են՝ ՌԴ-ի համար մենք ավելի կարևոր ենք, քան իրենք մեզ համար, էս թվերից գաղափար ունե՞ն։ Դու զրկվելու ես 60 տոկոսից, իրենք զրկվելու են կես տոկոսից․ այդ կես տոկոս կորուստը հաստատապես չեն էլ զգա։

Հայաստանի գյուղարտադրանքը համարյա ամբողջությամբ արտահանվում է մեկ ուղղությամբ՝ ՌԴ․ Եվրամիություն՝ զրոյական տոկոս է, կոնյակը՝ նույնպես։ Ի՞նչ ենք անելու։ Փաշինյանը Ռուսաստանից տնտեսական կախվածությունը 8 տարում հասել պատմական ռեկորդի ու էն պահին, երբ կախվածությունը բարձրակետում է, փչացնում է հարաբերությունները։ Դա նշանակում է տնտեսության փլուզում։ Գուցե մտածեք՝ այսպես է անում, որ վերջին հույսը մնան Թուրքիան ու Ադրբեջա՞նը․ բայց ժողովուրդ ջան, գյուղմթերքի արտահանում չես կարող անել այդ երկրներ, նույն բանը նաև իրենք են արտադրում, մեզանից շատ ու մեզանից էժան։ Նրանց հետ սահմանի բացումը սրանց օրոք ընդհակառակը, մեզ մեկ այլ տնտեսական քաոսի ոիւ կախվածության մեջ է գցելու։

ՌԴ-ում բնակվում է մինչև 3 մլն հայ, որոնց մի մասը ՀՀ քաղաքացի են, ամեն գարնանը հարյուր հազարները մեկնում են ՌԴ՝ արտագնա աշխատանքի, վերադառնում են աշնանը։ Իսկ Ռուսաստանի՞ց քանի հոգի է գալիս արտագնա աշխատանքի Հայաստան։ Եթե ՌԴ-ն սահմանափակի հայերի մուտքը՝ օրենսդրություն խստացնելով, գործ չտալով, տենդերներից զրկելով, ո՞ւր են գնալու աշխատանքի, Փարի՞զ, Բրյուսե՞լ, Վաշինգտո՞ն։ ՔՊ-ին սա չի հետաքրքրում, որովհետև իրենք 8 տարի առաջ վերադարձել են արտագնա աշխատանքից, ու հիմա Հայաստանի կառավարությունն է իրենց համար խոպան։ Էն մեկը Ռուսաստանում հեռախոսի աքսեսուար էր ծախում, եկավ դարձավ ՔՊ-ական դեպուտատ, էն մյուսը որդիների հետ ՌԴ-ում շինարարություն էր անում, եկավ դարձավ ՔՊ-ական դեպուտատ, էն մյուսը ՌԴ-ում տաքսի էր քշում, եկավ դարձավ ՔՊ-ական մարզպետ, էն հաջորդը ՌԴ-ում շինարարություն էր անում, եկավ դարձավ քաղաքապետ, հետո մարզպետ, էն մյուսն էլի խոպանում էր, եկավ սկսեց բիզնես անել՝ լինելով Նիկոլի հարազատը․ իրենք իրենց հարցերը լուծել են, խոպանի կարիք չունեն, ու թքած ունեն, որ իրենց պահած երկրում դրա կարիքն ունեն հարյուր հազարները։ Ամեն ամիս Հայաստանում հարյուր հազարավոր ընտանիքներ են գոյատևում ՌԴ-ից եկած ավելի քան 200 մլն դոլար տրանսֆերտով։ ՔՊ-ն ՌԴ-ից տրանսֆերտի հույսին չէ, նրանք բյուջեից են հարյուր միլիոնավոր դոլարների պարգևավճար ստանում կամ հիբրիդային պատերազմ մղելու համար փողեր՝ Արևմուտքից։

Սրանք թքած ունեն, որ Հայաստանի բնակչության 80 տոկոսից ավելին ինչ-որ թելով կապված է ՌԴ հետ, ու այդ թելը արդեն բարակել-կտրվում է։ ՌԴ փոխվարչապետն ասում է՝ Հայաստանի գործընկերները մոտեցել են այնտեղ, որ պետք է վերակառուցենք տնտեսական հարաբերությունները։ Երկու օր անց կարդում ենք, որ Ռուսաստանը կարող է չեղարկել Հայաստանից կոնյակ արտահանող խոշոր գործարանի լիցենզիան՝ «կեղծված արտադրանք» ճանաչելով։ Խաղաղագործներ, պատրա՞ստ եք այս սցենարին։ Իսկ ծիրան, դեղձ, պոմիդոր ու ամեն տեսակի գյուղարտադրանք արտադրողնե՞րը։

Ու էս սաղ նրա համար, որ Հայաստանում իշխանության է Նիկոլը ու խառը քանդում է, ինչին ձեռք է տալիս․ մի մասդ կասեք՝ անգրագիտությամբ, մի մասդ կասեք՝ դավաճանությամբ, մի մասդ կասեք՝ դրսի պարտադրանքով․ բայց ժողովուրդ ջան, որ մեկն էլ լինի՝ սարսափելի է։

Կարճ ասած՝ քանի անգամ ասել եմ՝ նիկոլենց բախտը բերել է, որ ռուսներն իրենց անլուրջ են վերաբերում ու չեն թշնամանում։ Որովհետև հայ ժողովրդի հետ դարավոր թելերով են կապված։ Բայց արդեն եկել է մի պահ, որ կարող է դա էլ հաշվի չառնեն․ հիմա զգուշացնում են՝ ՀՀ քաղաքացի, ուշքի արի։ Այսօր Փաշինյանն ասել է, թե Պուտինի հետ պայմանավորվել են հունիսի երկրորդ կեսին բարձր մակարդակով հանդիպել։ Չեմ կարծում՝ նրանք սրան լուրջ են ընդունում, որ անգամ հերքեն կամ հաստատեն։ Նիկոլը տեսնում է իր վերջին արածների վտանգը, տեսնում է, որ իր շանսերը քչացել են, ու հիմա փորձում է էս թվարկածս բոլոր շերտերին ազդակ տալ, թե՝ ամեն ինչ լավ կլինի, ինքը կմնա, կպայմանավորվի, ու արտահանման խնդիրներ չեն լինի։ Դա փրփուրից կախվելու փորձ է։

Կամ

Միգուցե սա Նիկոլ Փաշինյանի «էքզիթ պլա՞նն» է, ինչպես ասում են, ելքի ծրագիրը։ Էս ամնեը կարող է՞ չի հասկանում նա։ Հասկանում է, հակառուսականությունը գեներացրեց, այդ ալիքի վրա գնաց և հարաբերությունները Ռուսաստանի հետ վերջնական վատթարացնելու՝ հասկանալով, որ լուրջ խնդիրեր են լինելու։ Իսկ միգուցե միտքն էլ հենց դա՞ է՝ այս ընտրություններում տապալումից հետո նույն իր եվրոպացի իր հովանավորներին ասի՝ ի՞նչ անեմ, ռուսները չթողեցին, ամեն ինչ արեցին, որ պարտվեմ․ ու ինքը ուրս գա այս ամենի տակից, միգուցե՝ երաշխիքներ ստանա որևէ երկրից։ Թե որ երկրից՝ կարևոր չէ։

Սևակ Հակոբյան

Leave a Comment