Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 9–ի նիստում որոշում կայացրեց «Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու, գնումը, առանց գնումների գործընթացի կազմակերպման կարգով սահմանված պայմաններից մեկի կամ մի քանիսի պահպանման, կատարելու մասին»։
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ երկրում բացակայում է բավարար GPU հաշվարկային հզորություն, ԱԲ նախագծերը կախված են արտաքին հարթակներից և բարձր արժեքի պատճառով այդ ռեսուրսները հասանելի չեն լայն շրջանակներին։ Արդյունքում սահմանափակվում է հետազոտությունը, ստարտափները չեն կարողանում մրցունակ զարգանալ, իսկ պետական ԱԲ ծրագրերը դժվար են մասշտաբավորվում։
Այս խնդրի լուծման համար ԲՏԱ նախարարությունն առաջարկում է մեկ անձինց ձեռք բերել շուրջ 25 միլիոն ԱՄՆ դոլարի բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ՝ 5 տարվա համար։
Որոշմանն ուղեկցող փաստաթղթի մեջ նշվում է, որ այս որոշումը պայմանավորված է ՀՀ–ում իրականացվելիք ստրատեգիական նշանակության արհեստական բանականության (ԱԲ) գործարան կառուցելու ծրագրի շրջանակներում առաջատար գրաֆիկական պրոցեսորների հզորության ձեռքբերման նպատակով մեկ անձից գնման ձևով «Ֆայրբըրդ ԷյԱյ» ՓԲԸ-ից հատուկ և բացառիկ իրավունքի առկայությամբ պայմանավորված՝ գնման գործընթաց կազմակերպելու անհրաժեշտությամբ։
Նախագծով, մասնավորապես, հնարավորություն է ընձեռվում ձեռք բերելու առաջատար գրաֆիկական պրոցեսորների հզորություն Հայաստանի Հանրապետությունում դրա արտադրությամբ զբաղվող ընկերությունից` խթանելու հանրային ոլորտում տեխնոլոգիական առաջընթացը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջատար գրաֆիկական պրոցեսորների հզորության արտադրությունը ՀՀ–ում տեսանելի ապագայում իրականացվելու է բացառապես Ընկերության կողմից՝ նպատակահարմար է համարվել առաջատար գրաֆիկական պրոցեսորների հզորության ձեռքբերումը մեկ անձից գնման տարբերակով իրականացնել այդ ընկերությունից։
Ընկերությունը հանդիսանում է արհեստական բանականության ամպային ընկերություն, որը պատրաստակամություն է հայտնել 2026թ.-ին գործարկել կովկասյան տարածաշրջանում առաջին և ամենամեծ ԱԲ սուպերհամակարգիչը՝ աշխատող NVIDIA Blackwell գրաֆիկական պրոցեսորներով։
Ծրագիրն աննախադեպ է Հայաստանում և իրականացվելու է բացառապես Ընկերության կողմից` վերջինիս` միջազգային գործընկերների (այդ թվում` ԷնՎԻԴԻԱ ամերիկյան ընկերության) հետ ունեցած ստրատեգիական գործընկերային հարաբերությունների շնորհիվ։
«Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է հզորացնել Հայաստանի տեխնիկական հնարավորությունները և զինել այն 21-րդ դարի լուրջ ենթակառուցվածքներով։
Չափազանց կարևոր է նաև թվային ինքնիշխանության հարցը։ Տվյալների և հաշվարկային հզորությունների տեղայնացումը Հայաստանում ապահովում է անվտանգություն, անկախություն և ռազմավարական կայունություն։
Ակնհայտ է նաև տնտեսական ազդեցությունը՝ ՏՏ ոլորտի աճ, նոր աշխատատեղեր, արտադրողականության բարձրացում և նոր ծառայությունների ստեղծում։
Այս նախաձեռնությունը նաև ժամանակի հարց է։ ԱԲ ոլորտում մրցակցությունը գլոբալ է և շատ արագ զարգացող։ Եթե մենք այսօր չկատարենք այս ներդրումը, վաղը ստիպված կլինենք ավելի մեծ ծախսերով միայն սպառել այլ երկրների տեխնոլոգիաները։
Առաջարկվող 25 միլիոն դոլարի ներդրումը միայն տեխնոլոգիական ծրագիր չէ։ Սա ռազմավարական քայլ է, որը հիմք է դնում Հայաստանի ԱԲ էկոհամակարգի ձևավորմանը, ուժեղացնում է մեր տնտեսական և տեխնոլոգիական դիրքերը և ապահովում է մեր երկրի տեղը ապագայի քարտեզում։Մեկ անձից գնման եղանակով առաջատար գրաֆիկական պրոցեսորների հզորության ձեռքբերումը Կառավարության որոշմամբ իրականացնելը պայմանավորված է գործընթացը հնարավորինս արագ և ճկուն կերպով կազմակերպելու անհրաժեշտությամբ»,–ասված է հիմնավորման մեջ։