Քաղաքագետ Հակոբ Բադալյանն արձագանքել է Փաշինյանի՝ «Մայիսի 28-ին կտեսնենք, թե ինչ է փոխվել բանակում» հայտարարությանը, որը հնչեցվել է այսօր կառավարության ճեպազրույցի ընթացքում:
«Իսկ ի՞նչ պետք է տեսնենք: Նոր զենքե՞ր: Իհարկե, հենց դրա համար էլ արվում է շքերթը, որ ցուցադրվի նոր սպառազինություն, որը կներկայացվի բանակի արդիականացման, կամ ինչպես ընդունված է ասել՝ «կերպափոխման» համատեքստում, իբրեւ դրա վկայություն:
Բայց ի՞նչ է այդ իմաստով շքերթը, ցուցափեղկ լինելուց բացի: Գործնականում ոչինչ: Ի վերջո, շքերթը չի արտացոլում բանակի իրական վիճակ, մարտունակություն, սպառազինության որակ ու քանակ: Պարզ է չէ, որ շքերթին ամբողջ ծավալը չէ, որ ցուցադրվում է: Բայց, կարելի է օրինակ գնել սահմանափակ ծավալով նմուշներ, որոնք գործնականում չեն լուծում հարց, բայց թողնում են տպավորություն: Իսկ մայիսի 28-ի շքերթի ամբողջ իմաստը ընտրողի վրա տպավորություն թողնելն է:
Ավելին, Նիկոլ Փաշինյանը նույնիսկ նախապես հոգ է տարել Ադրբեջանի մասին, հայտարարելով ավելի վաղ, թե հույս ունի, որ Ադրբեջանը սխալ չի հասկանա շքերթը եւ չի համարի ուժի ցուցադրություն կամ ագրեսիվ մտադրություն:
Ադրբեջանն իհարկե սխալ չի հասկանա, քանի որ այդ ամենը այն աստիճան է ադրբեջանական «վերահսկողության» ներքո, որ հայկական կողմը նույնիսկ հրաժարվել է «մարտունակ բանակ» արտահայտությունից:
Իսկ դա ամենախոսունն է, շքերթից խոսունը, երբ Հայաստանը ստիպված է հրաժարվել «մարտունակ բանակ» արտահայտությունից եւ ասել, թե կիրառում է «պաշտպանունակ բանակ» արտահայտությունը: Եթե Հայաստանը ստիպված չէ անել դա, այդ դեպքում ինչու՞ է անում, ինչու՞ է հրաժարվում «մարտունակ բանակ» հասկացությունը կամ ձեւակերպումը օգտագործելուց: Այն դեպքում, երբ Ալիեւը անգամ բացահայտորեն սպառնում է՝ նկատի ունենալով Հայաստանին, թե «թշնամին պետք է միշտ զգուշանա իր բանակից»:
Ահա այդ պայմաններում, մայիսի 28-ի շքերթը ընդամենը ցուցանակ է, «իրական քաղաքականությունը» քողարկող ցուցանակ»: