Ավինյան․ 45 տրոլեյբուսի մատակարարումը մի փոքր ուշանում է՝ կապված Իրանում իրավիճակի հետ

Ավինյան․ 45 տրոլեյբուսի մատակարարումը մի փոքր ուշանում է՝ կապված Իրանում իրավիճակի հետ

9 ապրիլի 2026 – 16:37 AMT

PanARMENIAN.Net – Երևանի համար նախատեսված 45 տրոլեյբուսի մատակարարումը մի փոքր ուշանում է՝ պայմանավորված Իրանում ստեղծված իրավիճակով։ Այդ մասին կառավարության նիստում ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Մայիսի կեսերին 45 տրոլեյբուսները կհասնեն Երևան»,- ասել է նա՝ ներկայացնելով քաղաքային տրանսպորտի բարելավման ծրագրերի ընթացքը, հայտնում է 1lurer.am-ը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին անդրադարձել է մայրաքաղաքի տրանսպորտային համակարգին՝ կարևորելով մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագիրը։

«Եկեք արձանագրենք, որ վերջին 30 տարում ՀՀ-ում մետրոյի ոչ մի նոր կայարան չի ստեղծվել և շահագործման չի հանձնվել, և սա էլի շատ մեծ նախագիծ է: Բայց որ այդ նախագիծն իրականացվելու է, երկու կարծիք չկա: Մենք բոլորս ուզում ենք, որ ժամկետները կարճ լինեն»,-ասել է նա:

Նա ընդգծել է, որ երկարաժամկետ նպատակը մետրոյի շրջանաձև կառուցվածքի ձևավորումն է, ինչի արդյունքում քաղաքային երթևեկության կազմակերպումը էականորեն կփոխվի, իսկ համակարգի արդյունավետությունը կբարձրանա։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ 45 նոր տրոլեյբուս Երևան կբերվի 2026–ի առաջին կիսամյակում: «Մենք գնում ենք 12 մետրանոց 45 տրոլեյբուս, որի կանխավճարն արդեն փոխանցել ենք: Դրանք կմատակարարվեն հաջորդ տարի առաջին կիսամյակում»,- ասել էր Ավինյանը:

Leave a Comment