9 ապրիլի 2026 – 16:40 AMT
PanARMENIAN.Net – Կառավարությունը հաստատել է գյուղացիական տնտեսություններին ուղղված անտոկոս վարկերի ծրագիր, որը նախատեսված է 2026-2027 թվականների համար։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կառավարության ապրիլի 9-ի նիստում ներկայացրել է, որ մինչ այժմ ագրոպարենային ոլորտի բոլոր ենթաճյուղերը ներառող միասնական ծրագիր չի գործել, իսկ նոր նախաձեռնությունն ընդգրկել է գյուղատնտեսության գրեթե բոլոր ուղղությունները՝ ճագարաբուծությունից և թռչնաբուծությունից մինչև տոհմային անասնապահություն, ինչպես նաև ավանդական և բարձր տեխնոլոգիական բուսաբուծություն, հայտնում է 1lurer.am-ը:
Նրա խոսքով՝ ծրագրի առանցքային նպատակներից մեկը փոքր գյուղացիական տնտեսություններին աջակցելն է, հատկապես այն տնտեսություններին, որոնք արդեն ներդրումներ են իրականացրել տեխնոլոգիական գյուղատնտեսության մեջ և ունեն մատչելի ֆինանսական միջոցների անհրաժեշտություն։
Նախարարն ընդգծել է, որ յուրաքանչյուր շահառուի համար սահմանվել է 1-2 մլն դրամ վարկային սահմանաչափ:
«Ծրագրով յուրաքանչյուր շահառուին տրամադրվող վարկային սահմանաչափը 1-2 մլն դրամ է, այսինքն՝ նվազագույնը 1 մլն դրամ, առավելագույնը՝ 2 մլն դրամ: Ամբողջ տոկոսադրույքը Կառավարությունը սուբսիդավորում է, բայց ծրագրի պայմանն է, որ տոկոսադրույքը պետք է լինի առավելագույնը 14 տոկոս: Այսինքն՝ Կառավարության ծախսը չի կարող գերազանցել 14 տոկոսային կետը:
Այդ ամբողջ տոկոսային կետն էլ kառավարությունը կսուբսիդավորի, որի արդյունքում մեր գյուղացիական տնտեսությունները 0 տոկոս վարկ կկարողանան ձեռք բերել: Վարկի մարման ժամկետը մինչև 3 տարի է: Շատ կարևոր մի կետ էլ կա. վարկի մայր գումարի համար վարկի տրամադրման օրվանից հաշված ժամկետ ունենք՝ 6 ամիս, այսինքն՝ մեր քաղաքացիները վերցրին 2 մլն դրամ, առաջին 6 ամիս ոչինչ չեն վճարում, տոկոսադրույքները կվճարի պետությունը, բայց իրենք սկսում են մայր գումարը վճարել 6-րդ ամսից:
Ո՞րն է ավելի կարևոր: Կարող են մի քանի անգամ օգտվել այս ծրագրից. առաջին անգամ կարող են օգտվել՝ վերցնելով 1 կամ 1,5 մլն դրամ, երկրորդ անգամ գնալ և լրացուցիչ մասը վերցնել»,- ասել է Պապոյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է, որ այս նախաձեռնությունը գյուղացիների շրջանում հայտնի է որպես անտոկոս վարկերի ծրագիր և հենց այդ հնարավորությունն է ստեղծվում ընդունված որոշմամբ։ Նա պարզաբանել է, որ վեցամսյա արտոնյալ ժամկետը հնարավորություն է տալիս գյուղացիներին սկզբում եկամուտ ստանալ և միայն հետո սկսել վարկի մարումը՝ մինչև երեք տարվա ընթացքում։
«Սիրելի՛ գյուղացիներ, անտոկոս վարկերի ծրագիրն ենք հաստատում սույն որոշմամբ»,- ասել է նա։