9 ապրիլի 2026 – 16:02 AMT
PanARMENIAN.Net – ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովը՝ USCIRF-ն, ներկայացրել է կրոնական ազատությունների մասին 2026 թվականի տարեկան զեկույցը, որտեղ անդրադարձ է կատարվել 2025 թվականի իրադարձություններին։
Ադրբեջանի վերաբերյալ փաստաթղթում նշվում է, որ իշխանությունները կատարել են կրոնական ազատության լուրջ խախտումներ։
Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Արցախի հայկական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացմանը։ Ընդգծվել է, որ Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում գտնվող պատմական հայկական կրոնական վայրերը շարունակել են մնալ վտանգի տակ՝ 2020 և 2023 թվականներին տարածքների վերադարձից հետո։ Հուլիսի տվյալներով արբանյակային պատկերները արձանագրել են ութ ավերված և ևս 10 վնասված կրոնական օբյեկտներ, այդ թվում՝ եկեղեցիներ, գերեզմանատներ և հնագիտական վայրեր, հայտնում է Factor.am-ը:
Բացի այդ, նշվել է, որ հայ բանտարկյալների ընտանիքների փոխանցմամբ՝ նրանց արգելվել է ստանալ Աստվածաշունչ, մինչդեռ Ադրբեջանի իշխանությունները պնդել են, որ նման հասանելիություն կա։
Զեկույցում նաև արձանագրվել է, որ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները հիմնականում կենտրոնացած են եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ձևավորման վրա, որտեղ ԱՄՆ-ը հանդես է եկել որպես միջնորդ։ Օգոստոսին նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ բանակցությունների նպատակով։ Կողմերը կնքել են փոխըմբռնման հռչակագրեր՝ ուղղված տնտեսական զարգացմանը, առևտրին և պաշտպանական համագործակցությանը։
Ընդգծվել է նաև, որ ԱՄՆ Կոնգրեսը տարվա ընթացքում բազմիցս բարձրացրել է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների հարցը։ Մարտին 60 կոնգրեսականներ կոչ են արել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին դադարեցնել ռազմական աջակցությունը Ադրբեջանին՝ մասնավորապես հայկական կրոնական ժառանգության ոչնչացման պատճառով։ Ապրիլին կազմակերպվել են լսումներ մարդու իրավունքների վերաբերյալ, իսկ հուլիսին ավելի քան 80 օրենսդիր պահանջել է ապահովել տեղահանված հայերի անվտանգ վերադարձը։
Սեպտեմբերին ԱՄՆ օրենսդիրները վերահաստատել են Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների վերանայման նախաձեռնությունը, որը նախատեսում է գնահատել՝ արդյոք ադրբեջանցի պաշտոնյաները ներգրավված են մարդու իրավունքների խախտումներում։ Միաժամանակ, ներկայացվել են բանաձևեր, որոնք դատապարտել են քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումները։
Զեկույցում հիշատակվել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը դեռևս 2023 թվականի դեկտեմբերի 29-ին Ադրբեջանը ներառել է հատուկ հսկողության ցուցակում՝ կրոնական ազատության խախտումների պատճառով։ «Կրոնական ազատության շարունակական և կոպիտ խախտումների պատճառով Ադրբեջանը պետք է ընդգրկվի «Հատուկ մտահոգության երկրների» ցանկում, այլ ոչ թե «Հատուկ հսկողության ցուցակում»։ Երկիրը արտաքուստ պնդում է, որ աջակցում է կրոնական ազատությանը, սակայն ներսում անում է հակառակը։ Այն տանջում է իր քաղաքացիներին, վերահսկում է կրոնական գործունեությունը, վտարում է անկախ լրատվամիջոցներին և Կարմիր խաչին և ոչնչացնում կրոնական ժառանգության վայրերը»,- նշում է USCIRF-ի նախագահ Վիքի Հարցլերը։
Նա ընդգծել է նաև, որ Լեռնային Ղարաբաղից շուրջ երկու տասնյակ հայ քրիստոնյա գերիներ, որոնք դատվել են փակ գործընթացներով՝ առանց բավարար իրավական, բժշկական և սննդային ապահովման, ենթարկվել են ֆիզիկական և հոգեբանական բռնությունների, նրանց թույլ չեն տվել ունենալ Աստվածաշունչ, իսկ մարմնի վրա դաջված խաչերը այրելով ջնջել են։ Միևնույն ժամանակ, իրավապահները պատասխանատվության չեն ենթարկվել այդ գործողությունների համար։
Հարցլերը նշել է նաև, որ Ադրբեջանը շարունակել է ոչնչացնել քրիստոնեական ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում՝ վերացնելով ավելի քան 2000 տարվա ներկայության հետքերը։ Նրա խոսքով՝ եթե Ադրբեջանը ցանկանում է խորացնել համագործակցությունը ԱՄՆ-ի հետ, ապա պետք է իրական քայլեր ձեռնարկի կրոնական ազատության պաշտպանության ուղղությամբ։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ էր մնացել, որոնցից 11-ը ևս վերադարձել են ՀՀ, 1-ը՝ մահացել է, 1-ը՝ կալանավորվել։