Հունգարիայի ԱԳ նախարար Սիյարտոն, ենթադրաբար, Մոսկվայի հետ համակարգել է Ուկրաինայի դեմ ուղղված քայլեր. Vsquare-ի հետաքննությունը

Կենտրոնական Եվրոպայում գործող Vsquare նախագծի մի խումբ հետաքննող լրագրողներ հետաքննություն են հրապարակել Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի և Ռուսաստանի նրա գործընկեր Սերգեյ Լավրովի միջև շփումների մասին:

2023-2025 թթ. տեղի ունեցած զրույցների ձայնագրությունների համաձայն՝ Սիյարտոն Լավրովին տեղեկություն է հաղորդել Եվրամիության պլանների մասին և քննարկել քայլեր, որոնք շահավետ են Ռուսաստանին և ուղղված են Ուկրաինայի դեմ: Օրինակ՝ 2023 թ. դեկտեմբերին ԵՄ գագաթնաժողովի ժամանակ, որտեղ որոշվում էր ԵՄ-ի անդամակցության շուրջ Ուկրաինայի հետ բանակցությունների հարցը, Սիյարտոն, ըստ լրագրողների տվյալների, զանգահարել է Մոսկվա և պատմել հունգարական «շանտաժի ռազմավարության» մասին։

Ինչպես գրում է Vsquare-ը, ձայնագրությունների իսկությունը հաստատվել է մի շարք միջազգային հետաքննչական լրագրողական նախագծերի կողմից։

Հետաքննության տվյալներով՝ 2024 թ. հուլիսին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ Կիև կատարած այցից հետո, Սիյարտոն Լավրովին է փոխանցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ բանակցությունների մանրամասները և քննարկել Օրբանի՝ Մոսկվա կատարելիք այցի նախապատրաստումը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար, որի մասին չեն իմացել ո՛չ ԵՄ-ում, ո՛չ ՆԱՏՕ-ում։ Եվրոպացի պաշտոնյաներից մեկը սա համարել է գործընկերների միջև դիվանագիտական ​​հիմնարար նորմերի աղաղակող խախտում։

Առանձին դրվագ վերաբերում է Մոսկվային տեղեկություն փոխանցելուն. Լավրովը, ենթադրաբար, Սիյարտոյից խնդրել է մի փաստաթուղթ, որը պարունակում էր ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ ԵՄ-ի պահանջներն Ուկրաինայի նկատմամբ, իսկ նա պատասխանել է, որ կարող է այն ուղարկել «առանց որևէ խնդրի»։

Բացի այդ, հունգարացի նախարարը հիշատակել է Սլովակիայի ԱԳ նախարարի հետ համակարգումը՝ Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների նոր փաթեթն արգելափակելու համար։

BBC-ի ռուսական ծառայությունն իր հերթին հիշեցնում է, որ մարտի վերջին մի քանի ԶԼՄ-ներ հրապարակել էին ձայնագրություն, որում Սիյարտոն, ինչպես պնդվում է, Լավրովի հետ քննարկում է Եվրամիության պատժամիջոցները։ Սիյարտոն այդ ժամանակ չի հերքել ձայնագրության իսկությունը՝ դրա հրապարակումը համարելով «հսկայական սկանդալ» Հունգարիայում նախընտրական արշավի ամենալարված շրջանում:

ԶԼՄ-ները նաև գրել են մեկ այլ զրույցի մասին, որտեղ Սիյարտոն, ենթադրաբար, Ռուսաստանի էներգետիկայի փոխնախարար Պավել Սորոկինին ասել է, որ ինքն աշխատում է, այսպես կոչված, «ստվերային նավատորմի» դեմ ԵՄ-ի պատժամիջոցները չեղարկելու ուղղությամբ։

Leave a Comment