՞Ինչ է տեղի ունենում Իրանի և Միացյալ Նահանգների միջև․ վերլուծաբան


Ի՞նչ է տեղի ունենում Իրանի և Միացյալ Նահանգների միջև։Տարածաշրջանի վերջին թեժ իրադարձությունների մասին «Նոյյան Տապան»-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանի հետ։


 


Իրանի և Միացյալ Նահանգների միջև ժամանակավոր զինադադար է հաստատվել։ Վաշինգտոնի սահմանած վերջնաժամկետից առաջ Թեհրանը ներկայացրել է 10 կետից բաղկացած առաջարկներ, որոնք, ըստ էության, կարելի է դիտարկել որպես պատերազմի դադարեցման պայմաններ։ Այս հրադադարը սկզբունքորեն պետք է հիմք ստեղծի հետագա բանակցությունների համար։


 


– Ի՞նչ մթնոլորտ էր մինչ այդ առաջարկների հրապարակումը։


 


– Մինչ այդ, մի կողմից հռետորական սպառնալիքները, իսկ մյուս կողմից՝ դրանց չենթարկվելու և պատերազմը շարունակելու պատրաստակամությունը, հանրային կարծիքին փոխանցում էին այն տպավորությունը, որ տարածաշրջանը մտնում է աննախադեպ լարվածության և անկանխատեսելի հետևանքներով լի փուլ։ Այդ իրավիճակի ելքը չափազանց անորոշ էր ոչ միայն Իրանի, այլ նաև բազմաթիվ այլ երկրների համար։


 


– Ի՞նչ են պարունակում Իրանի 10 կետերը։


 


– Իրանի նախապայմանները հիմնականում վերաբերում են՝ բոլոր պատժամիջոցների վերացմանը,Իրանի դեմ միջազգային որոշումների և բանաձևերի դադարեցմանը,միջուկային ծրագրի ինքնուրույն օգտագործման իրավունքի ճանաչմանը,Հորմուզի նեղուցի վերահսկողությանը,պատճառված վնասների փոխհատուցմանը և ԱՄՆ զինված ուժերի դուրսբերմանը տարածաշրջանից։


 


Լիբանանի տեսանկյունից ամենաուշագրավը 10-րդ կետն է, որը վերաբերում է բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, պատերազմի դադարեցմանը։


 


 – Ինչպիսի՞ն է ամերիկյան արձագանքը։


 


– ԱՄՆ-ի հիմնական նախապայմանը Հորմուզի նեղուցի բացումն է։ Սակայն Իրանի երկրորդ կետը նախատեսում է հենց այդ նեղուցի նկատմամբ իր վերահսկողության պահպանումը։ Մնացած հարցերը՝ միջուկային ծրագրից մինչև պատժամիջոցներ, արդեն նախկինում քննարկված թեմաներ են եղել բանակցություններում։ ԱՄՆ նախագահի վերջին հայտարարությունից էլ երևում է, որ այդ հարցերի շուրջ որոշ համաձայնություններ արդեն ձեռք են բերվել։


 


Այս պահին, ըստ Վաշինգտոնի, գլխավոր խնդիրը Հորմուզի վերաբացումն է, մինչդեռ Իրանը ցանկանում է նաև գրավոր հաստատում իր վերահսկողության իրավունքի մասին։


 


– Ո՞վ է միջնորդել զինադադարը։


 


– Ժամանակավոր հրադադարը ձեռք է բերվել Պակիստանի միջնորդությամբ։ Սա պետք է դիտարկել նաև Պակիստան–Չինաստան ռազմավարական գործընկերության համատեքստում, ինչը Պակիստանին  դարձնում է կարևոր օղակ Չինաստանի և Արևմուտքի միջև։ Այն, որ Վաշինգտոնը համաձայնել է հիմք ընդունել Իրանի 10 կետերը և հաստատել երկշաբաթյա զինադադար, ավելի շատ նման է այս փակուղուց դուրս գալու փորձի։


 


– Ի՞նչ դիրքորոշում ունի Իսրայելը։


 


– Իսրայելը աջակցում է երկշաբաթյա զինադադարին՝ պայմանով, որ Իրանը բացի նեղուցները և դադարեցնի հարձակումները ԱՄՆ-ի, Իսրայելի և տարածաշրջանի երկրների վրա։ Սակայն կարևոր մի հանգամանք կա՝ Իսրայելը հայտարարում է, որ հրադադարը չի տարածվում Լիբանանի վրա։


 


– Որտե՞ղ է հիմնական հակասությունը։


 


– Հիմնական հակասությունը հենց Իրանի 10-րդ կետի շուրջ է։ Իսրայելի արձագանքից պարզ է դառնում, որ այդ կետը խնդրահարույց է։ Իսրայելը փորձում է նախ ավարտին հասցնել հարավային շրջանում  «անվտանգության գոտու» ձևավորումը, և միայն հետո անցնել պայմանավորվածությունների։


 


– Արդյոք ԱՄՆ-ի և Իսրայելի մոտեցումները համընկնո՞ւմ են։


 


– Ոչ ամբողջությամբ։ ԱՄՆ-ի համար առաջնահերթ է Հորմուզի վերաբացումը նոր պայմաններով, իսկ Իսրայելի համար՝ առնվազն կարճաժամկետ առումով, հարավում անվտանգության գոտու ստեղծումը։  Այսինքն՝ նրանց ռազմաքաղաքական առաջնահերթությունները ամբողջությամբ չեն համընկնում։


 


– Ի՞նչ նշանակություն ունի այս զինադադարը։


 


– Երկշաբաթյա հրադադարը, ըստ էության, բանակցությունների համար հարթակ ստեղծելու փորձ է։ Այն նաև կարելի է ընկալել որպես Իրանի 10 կետերի՝ այդ թվում 10-րդի, որոշակի ընդունում՝ նոր  բանակցություններ սկսելու համար։


 


– Ի՞նչ կլինի, եթե 10-րդ կետը կյանքի կոչվի։


 


– Այդ դեպքում ԱՄՆ-ը պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա, որպեսզի վերջինս դադարեցնի Լիբանանի դեմ հարձակումները։ Սա կնշանակի նաև, որ Իսրայելի նախատեսած անվտանգության գոտու  նախագիծը կչեղարկվի։


 


– Իսկ հիմա ի՞նչ է տեղի ունենում։


 


– Այս պահին նման ճնշում դեռ չի երևում։ Ավելին, Իսրայելի կողմից հարձակումների սաստկացումը և նոր սպառնալիքները կարող են կապված լինել այն մտավախության հետ, որ նոր պայմանավորվածություններում Իսրայելը կարող է շրջանցվել։


 


– Ի՞նչ ընտրության առաջ է կանգնած Վաշինգտոնը։


 


– ԱՄՆ-ը կանգնած է երկընտրանքի առաջ՝ կամ ձախողվում է նոր ձեռք բերված հրադադարը, կամ էլ Վաշինգտոնը ճնշում է Իսրայելի վրա՝ դադարեցնելու Լիբանանի դեմ գործողությունները։ 


Քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ վերջնական հաշվով ԱՄՆ-ի համար Հորմուզի նեղուցը ավելի կարևոր է, քան անվտանգության գոտու հարցը։


 


 


Leave a Comment