Միջազգային փաստաբանները նախազգուշացնում են Եվրոպական հանձնաժողովին՝ Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին միջամտելու մասին

Լոնդոն, 8 ապրիլի, 2026 թ. — «Ուժեղ Հայաստան» շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի շահերը ներկայացնող Amsterdam & Partners LLP փաստաբանական գրասենյակն այսօր հայտարարել է, որ պաշտոնական իրավական բողոք է ներկայացրել Եվրոպական հանձնաժողովին՝ Հայաստանում «Հիբրիդային արագ արձագանքման թիմի» տեղակայման առնչությամբ։ Գրասենյակը զգուշացնում է, որ այս նախաձեռնությունը ուղղակի միջամտություն է երկրի ներքաղաքական գործընթացներին և ոչ թե պաշտպանում, այլ խաթարում է ազատ ու արդար ընտրությունների անցկացումը։

Հայցադիմումում մատնանշվում են հայաստանյան ընդդիմության դեմ ուղղված մի շարք միտումնավոր քայլեր, այդ թվում՝ ընդդիմադիր գործիչների, մասնավորապես՝ պարոն Կարապետյանի քրեական հետապնդումն ու կալանավորումը, հոգևորականության և փաստաբանների թիրախավորումը, անկախ քաղաքացիական հասարակության ճնշումը և, որ հատկանշական է, Ընտրական օրենսգրքում վերջերս կատարված փոփոխությունները, որոնք փաստացի զրկում են ընդդիմադիր դաշինքներին, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստանին», հավասար պայմաններով ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին հասցեագրված նամակում բարձրացվում են լուրջ հարցեր Հայաստանում ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող գործունեության իրավական և քաղաքական հետևանքների վերաբերյալ։ Ըստ հայցադիմումի՝ ներկա քաղաքական համատեքստում այս գործողությունը ռիսկ է ստեղծում ձևավորելու կառուցվածքային անհավասարակշռություն ՀՀ կառավարության և քաղաքական ընդդիմության միջև։

Amsterdam & Partners-ը պնդում է, որ այս զարգացումները Հայաստանում ժողովրդավարության հետընթացի ընդհանուր միտման արտացոլումն են։

Բողոքի առանցքում է Եվրոպական միության որոշումը՝ NDICI-Global Europe գործիքի շրջանակներում հատկացնել 27 միլիոն եվրո՝ «Հիբրիդային արագ արձագանքման թիմի» ֆինանսավորման համար, որի խնդիրն է նախընտրական շրջանում վերահսկել այսպես կոչված «հիբրիդային սպառնալիքները» և հանրային խոսույթը։ Գործնականում նման մեխանիզմը վտանգում է օրինական քաղաքական բանավեճը դիտարկել անվտանգային տիրույթում՝ հնարավորություն տալով Հայաստանի իշխանություններին ընդդիմության գործունեությունը որակել որպես «օտարերկրյա միջամտություն»։ Սա այն դեպքում, երբ ԵՄ-ն նմանատիպ մեխանիզմները խստորեն դատապարտել է այլ երկրներում, օրինակ՝ Ռուսաստանում և Վրաստանում։

Նամակում նաև շեշտվում է, որ այս գործողությունը զուրկ է հիմնարար երաշխիքներից, ինչպիսիք են մանդատի թափանցիկությունը, ապատեղեկատվության բացահայտման օբյեկտիվ չափանիշները և անկախ վերահսկողական մեխանիզմները։ Այս համատեքստում զգուշացվում է, որ Եվրոպական հանձնաժողովը կարող է ենթարկվել իրավական պատասխանատվության ԵՄ օրենսդրության շրջանակներում՝ լիազորությունների չարաշահման և հիմնարար իրավունքների խախտման համար։

Amsterdam & Partners-ը դատապարտում է ԵՄ չափանիշների անհետևողական կիրառումը։ Մինչ Միությունը պատժամիջոցներ է կիրառում իր սեփական անդամ պետությունների դեմ՝ իրավունքի գերակայության խախտման համար, այն շարունակում է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ՝ չնայած ընտրական փուլում համակարգային բռնաճնշումների վերաբերյալ առկա հավաստի մեղադրանքներին։

Amsterdam & Partners-ի հիմնադիր և կառավարող գործընկեր Ռոբերտ Ամստերդամը նշել է.

Այն, ինչ մենք տեսնում ենք Հայաստանում, պարզապես ժողովրդավարական հետընթաց չէ, այլ ընտրական այնպիսի միջավայրի միտումնավոր կառուցում, որտեղ ընդդիմությունը մարգինալացվում է, քրեականացվում և վերակերպվում որպես անվտանգային սպառնալիք: Ներդնելով մի այնպիսի համակարգ, որը թույլ է տալիս լեգիտիմ քաղաքական խոսույթը պիտակավորել որպես «ապատեղեկատվություն» կամ օտարերկրյա միջամտություն՝ Հանձնաժողովը հատում է սահմանը՝ նպաստողից վերածվելով մասնակցի»։

Amsterdam & Partners LLP-ն միջազգային փաստաբանական գրասենյակ է, որը մասնագիտացած է քաղաքական շահերի պաշտպանության և մարդու իրավունքների ոլորտում (Լոնդոն և Վաշինգտոն)։ 

Leave a Comment