Լեհաստանի Կատովիցե քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի 2026 թվականի անհատական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները առաջատարների շարքում են, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Մրցաշարի առաջին երկու խաղափուլերից հետո չորս հայ շախմատիստներ վաստակել են առավելագույն 2 միավոր։ Նրանց թվում են գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Էմին Օհանյանը և միջազգային վարպետ Արթուր Դավթյանը:
Նշվում է, որ Հայաստանի մյուս ներկայացուցիչները ևս պահպանում են բարձր հորիզոնականների համար պայքարելու հնարավորությունները։ 1,5-ական միավոր ունեն գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Հայկ Մարտիրոսյանը և Գաբրիել Սարգսյանը: Նույնպիսի արդյունք են ցույց տվել նաև միջազգային վարպետներ Վահե Սուքիասյանը և Արսեն Դավթյանը, ինչպես նաև ՖԻԴԵ-ի վարպետներ Հայկ Երիցյանն ու Տիգրան Համբարձումյանը:
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն անցկացվում է ապրիլի 7-ից 19-ը։
