
Հայաստանի կառավարությունը հայտարարում է ենթակառուցվածքների շինարարության ոլորտում որակի հարցում զրո կոմպրոմիսի մասին։ Անորակ աշխատանքի պատճառով պետությունը ոչ միայն հրաժարվում է վճարել կապալառուներին, այլև պարտադրում է սեփական միջոցներով զրոյից վերակառուցել թերություններով կառուցված օբյեկտները։
Ապրիլի 9-ի կառավարության նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնեց, որ Քաղաքաշինության կոմիտեի և անկախ լաբորատորիաների համատեղ ստուգումների արդյունքում արձանագրված խախտումների պատճառով շինարարական ընկերությունը կրելու է մոտ 500 միլիոն դրամի վնաս: Նախարարի խոսքով՝ ճանապարհը պետք է որակյալ լինի իր շահագործման ողջ ժամկետում, ոչ թե քայքայվի շահագործման հանձնելուց մեկ ամիս անց:
Ըստ այդմ նա որպես օրինակ մտնանշեց նոր կառուցված մի ճանապարհ, որի 20 կմ հատվածն ամբողջությամբ քանդվելու է, քանի որ սահմանված որակի չափանիշներին չի համապատասխանում:
Խստացվել է նաև վերահսկողությունը ներկրվող շինանյութի նկատմամբ: Մասնավորապես, բիտումի որակի լաբորատոր ստուգումների արդյունքում վերջին շրջանում Հայաստանի սահմանը հատած տասը բեռնատարից ութը հետ են վերադարձվել:
Գործադիրը նաև անցում է կատարում ճանապարհների սպասարկման նոր մոդելի՝ խոշորացումների միջոցով բացառելով փոքր կարողություններով և անբավարար տեխնիկայով ընկերությունների մասնակցությունը մրցույթներին: Միասնական որակական ստանդարտներ են ներդրվում ինչպես պետական, այնպես էլ Երևանի համայնքային բյուջեով ֆինանսավորվող ծրագրերում, որոնց շրջանակներում արդեն իսկ մեկնարկել են մայրաքաղաքի մի շարք առանցքային փողոցների, այդ թվում՝ Իսակովի պողոտայի հիմնանորոգման աշխատանքները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին վերահաստատեց որակի հարցում կոմպրոմիսների բացառման քաղաքականությունը: Որպես նախադեպ նա հիշատակեց Գյումրիում օրիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարությունը, որտեղ նույնպես ամբողջական հատվածներ են քանդվել անբավարար որակի պատճառով: Կառավարության ուղերձը, ըստ Փաշինյանի, հստակ է՝ պետական միջոցներով իրականացվող ցանկացած ծրագիր պետք է համապատասխանի պայմանագրով ամրագրված ստանդարտներին, հակառակ դեպքում ֆինանսական և գործառնական ամբողջ բեռը կմնա անբարեխիղճ կապալառուների ուսերին: