Պետության կողմից 2019-2020 թվականներից սուբսիդիաների փոխարեն սոցիալական պաշտպանության ոլորտում ծառայությունների արտապատվիրակման ներդրումից հետո այդ շրջանակներում իրականացվող ծրագրերը շարունակաբար ընդլայնվում և զարգանում են։
«Արմենպրես Podcast» նախագծի շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ներկայացնելով ոլորտում իրականացվող քաղաքականությունն ու ծրագրերը, նախ պարզաբանեց, որ Կառավարության սահմանած ընթացակարգով պետական միջոցներով սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունները պետք է պարտադիր հավաստագրվեն։ Հինգ տարի ժամկետով տրամադրվող հավաստագրման համար սահմանված են մի շարք չափորոշիչներ՝ սկսած տարածքային պայմաններից մինչև մասնագիտական անձնակազմի առկայություն։ Տարբեր ոլորտներում 2020 թվականից պետական հատուկ նպատակային միջոցներով յուրաքանչյուր տարվա համար նախապես հայտարարվում են մրցույթներ։ Այդ ծառայությունների համար հատկացված գումարները, դրամաշնորհի կարգի համաձայն, բաժանվում են տարբեր լոտերի։ Հասարակական կազմակերպությունները այս կամ լոտով ծառայություն մատուցելու համար մրցութային կարգով կարող են դիմել ու շահել կամ մերժվել։ Նրա ներկայացմամբ՝ արտապատվիրակման սկզբունքով իրականացվում են բազմազան ծրագրեր՝ տարեցների տնային ու ցերեկային կենտրոններում խնամքից, աջակցությունից, մինչև ընտանիքում բռնարարք գործած անձի համար ռեաբիլիտացիայի ծրագիր։ Փոխնախարարի տեղեկատվությամբ՝ արտապատվիրակման շրջանակներում հանրապետության 36 համայնքներում արդեն գործում են երեխայի և ընտանիքի աջակցության ցերեկային կենտրոններ, որտեղ մոտ 560 միլիոն դրամի շրջանակներում ծառայություն է ստանում 3300 երեխա։ Երևանում և մարզերում մատուցվում են նաև հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-վերականգնողական ծառայություններ, ներառյալ՝ էրգոթերապիա, լոգոպեդի և հոգեբանի աջակցություն, ինչպես նաև տեսողության խնդիր ունեցող անձանց ինտեգրման, կենցաղավարման հմտություններ սովորեցնելու։ Մտավոր և հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց համար էլ գործում է համայնքային փոքր տների ծառայությունը։ Հանրապետությունում առաջիկայում կգործարկվի այդպիսի արդեն 6-րդ համայնքային տունը, որի շրջանակներում, ըստ Կառավարության ապաինստիտուցիոնալացման ծրագրի, մտավոր և հոգեկան առողջության խնդիր ունեցող անձինք դուրս գալով խնամքի հաստատություններից, բնակություն են հաստատում։ Այսպիսի տներում արդեն ավելի քան 80 շահառու է ապրում՝ ստանալով խնամք և ինքնուրույն կյանքի հմտությունների ձեռքբերման ծառայություններ։ Ներդրվել է նաև հաշմանդամություն ունեցող երեխաների տնային խնամքի ծառայություն, որից օգտվում է շուրջ 170 երեխա։ Ավագ սերնդի ներկայացուցիչների համար էլ, բացի տնային խնամքի ծրագրերից, պետության կողմից կարևորվում է զբաղվածության ապահովումը, որի շրջանակներում հիմնված ցերեկային կենտրոններում ընդգրկված է շուրջ 600 մարդ՝ հնարավորություն ունենալով միմյանց հետ շփվելու, մասնակցելու ադապտիվ սպորտի դասերի, երգի ու պարի խմբակների և այլն։Առանձին ծառայություն է կանանց և ընտանեկան բռնության կանխարգելումը։ Փոխնախարարի խոսքով՝ 2020 թվականից հանրապետության բոլոր մարզերում ներդրվել են կանանց աջակցման կենտրոններ, որոնք միտված են բռնությունը կանխարգելելուն կամ արդեն բռնության դեպքերի հետ աշխատելուն։ Այստեղ տրամադրվում է համալիր աջակցություն՝ սոցիալ-վերականգնողական, հոգեբանական, իրավական։ Բացի այդ՝ 2026 թվականին ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց աջակցության համար բացվել է արդեն 3-րդ ապաստարանը, որտեղ տրամադրվում են սոցիալ-վերականգնողական, հոգեբանի աջակցություն, ըստ գտնվելու վայրի, կազմակերպվում է ծնողի հետ ապաստարանում գտնվող երեխայի կրթության իրավունքի իրացումը և այլն։ Ընթացիկ տարվանից մեկնարկել է նաև բռնարար անձանց ռեաբիլիտացման ծրագիրը։Իրականացվում են նաև թրաֆիքինգի զոհերի աջակցման, սոցիալական ճաշարանների, սոցիալական շտապօգնության և անօթևանների կացարանների ծրագրեր։ Փոխնախարարի խոսքով՝ արտապատվիրակված ծառայությունների մատուցման ոլորտում տարիների ընթացքում ցուցանիշները զգալիորեն աճել են՝ ինչպես համագործակցող ՀԿ-ների, այնպես էլ պետության կողմից հատկացվող ֆինանսական միջոցների առումով։ Մասնավորապես նախկինում արտապատվիրակված ծառայություններ մատուցող 3-4 կազմակերպության փոխարեն ներկայում այդ թիվը հասել է մոտ 40-ի, իսկ պետության կողմից հատկացվող գումարը՝ ավելի քան 1 միլիարդ 990 միլիոն դրամի։ «Գոհունակությամբ կարող ենք արձանագրել, որ 2020 թվականից սկսված և զարգացած ծառայություններն ընթանում են իրենց բնականոն հունով։ Մեր քաղաքացիներին, որոնք այս կամ այն հիմքով խոցելիություն ունեն, հայտնվել են կյանքի որոշակի դժվարին իրավիճակում, կարողանում ենք աջակցել, բնականաբար՝ հանձն առնելով և շարունակելով այս ծառայությունների ընդլայնումն ու զարգացումը»,-ընդհանրացրեց Ստեփանյանը։