Կաուտիլյան ասում էր՝ «Պատրաստվի՛ր պատերազմի և ծրագրի՛ր նվաճում». Արա Պողոսյան

Կաուտիլյայի «Արտհաշաստրան» (մ.թ.ա. 322–298 թթ.) փայլուն և համապարփակ տրակտատ է միջազգային հարաբերությունների, հետախուզության և արդյունավետ կառավարման բոլոր ասպեկտների վերաբերյալ։ Նա միշտ ցանկացել է, որ իր թագավորը դառնա աշխարհակալ, և այդ պատճառով այս հանճարը եղել է գլխավոր խորհրդատուն ու նախարարը, ով օգնել է Հնդկաստանի առաջին կայսր Չանդրագուպտա Մաուրյային ընդլայնել իր թագավորությունը ողջ Հնդկաստանում և դրանից դուրս՝ ընդհուպ մինչև Աֆղանստան։

Քաղաքական գիտությունը, որը նա քարոզում էր, կոչվում էր «Ռաջադհարմա» (Թագավորի արդարամտություն) և «Նիտիշաստրա» (Էթիկայի գիտություն), իսկ վարքագծի էթիկական կուրսը դարձավ պետության ներքին և արտաքին քաղաքականության տարբերակիչ առանձնահատկությունը։

ԿԱՈՒՏԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ.

«Կաուտիլյան ինքն իրեն չէր ասում՝ «Պատրաստվի՛ր պատերազմի, բայց հուսա՛ խաղաղություն», այլ ասում էր՝ «Պատրաստվի՛ր պատերազմի և ծրագրի՛ր նվաճում»»։

Որպես քաղաքական ռեալիստ՝ Կաուտիլյան ելնում էր այն կանխավարկածից, որ յուրաքանչյուր ազգ գործում է, ձգտելով առավելագույնի հասցնել իր իշխանությունն ու սեփական շահերը, և հետևաբար բարոյական սկզբունքները կամ պարտավորությունները քիչ ուժ ունեն կամ ընդհանրապես ուժ չունեն ազգերի միջև գործողություններում։

Թեև դաշնակից ունենալը լավ է, դաշինքը կգոյատևի միայն այնքան ժամանակ, քանի դեռ այն համապատասխանում է թե՛ դաշնակցի, թե՛ սեփական շահերին, քանի որ.

  • «Դաշնակիցը ձգտում է ապահովել իր սեփական շահերը միաժամանակյա աղետների և թշնամու հզորության աճի դեպքում»։

Պատերազմը կամ խաղաղությունը լիովին կախված են սեփական շահերից կամ սեփական թագավորության օգուտից.

  • «Պատերազմն ու խաղաղությունը դիտարկվում են բացառապես շահի տեսանկյունից»։

Դաշնակիցը պահպանվում է ոչ թե բարի կամքի կամ բարոյական պարտավորության պատճառով, այլ որովհետև նա ուժեղ է և կարող է առաջ մղել ինչպես իր, այնպես էլ դաշնակցի շահերը, քանզի.

  • «Երբ մարդն ունի բանակ, նրա դաշնակիցը մնում է բարեկամական, կամ նույնիսկ թշնամին է դառնում բարեկամական»։

Ինչպես ժամանակին ասել է Չանակյան (Կաուտիլյան). «Յուրաքանչյուր ընկերության հետևում թաքնված է որոշակի շահախնդրություն»։

Արա Պողոսյան, քաղաքագետ

Leave a Comment