Ծիծաղելի կլինի մտածել, թե նրանք վնասում են ԿԳԲ-ին. նրանք վնասում են Հայաստանի հանրությանը. Հակոբ Բադալյան

Երբ որեւէ մեկը վարկաբեկում է արցախյան շարժումը, այն հռչակելով «ԿԳԲ-ական» նախաձեռնություն, երբ որեւէ մեկը վարկաբեկում է այդ շարժման առանձին առաջնորդողների՝ որակելով նրանց «կգբ-ական», երբ «կգբ-ական» որակում է տրվում Ղարաբաղ կոմիտեին, այյդ որակողները ու՞մ են վնասում՝ ԿԳԲ-ի՞ն:

Իհարկե ծիծաղելի կլինի մտածել, թե նրանք վնասում են ԿԳԲ-ին:

Նրանք վնասում են Հայաստանի հանրությանը, հանրային ինքնագիտակցությանը, իրավագիտակցությանը, նրանք վնասում են սեփական ուժի, կամքի, մտքի հանդեպ հավատին: Որովհետեւ վարկաբեկում են մի շարժում, վարկաբեկում են մի գործընթաց, որը միայն ու միայն նպաստել է այդ ամենի հանդեպ հանրության հավատին, հանրության ինքնավստահությանը, նպաստել է համոզումին, որ՝ «մենք կարող ենք»:

Գիտակցվա՞ծ են վնասում այդ ամենին, թե՞ ոչ՝ վարկաբեկելով արցախյան շարժումը: Մի կողմից էական է, մյուս կողմից՝ ոչ: Էական է նրանով, որ պետք է ճանաչել վարկաբեկողներին ու հասկանալ, որ ինքնիշխանության ճոռոմ խոսքերի ներքո ընդամենը շատ կոնկրետ հաջողության վարկաբեկումով հանրությանը թերարժեքության բարդույթով վարակելն ու վերացականության դաշտ տանելն է: Իսկ էական չէ այն պատճառով, որ անգամ ակամայից գործելու դեպքում՝ հետեւանքը մեկն է, հանրությանը իր կոնկրետ հաջողության հանդեպ թերարժեքության զգացումով համակում, տանելով վերացական ճոռոմաբանության դաշտ:

Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան

Leave a Comment