Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը հրահանգել է դպրոցների և մանկապարտեզների տնօրեններին հավաքագրել աշխատակիցների տվյալները՝ առանձնացնելով իշխանության համակիրներին և ընդդիմադիրներին՝ վերջիններիս նկատմամբ հնարավոր ճնշումներ կիրառելու նպատակով, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Ըստ պարբերականի տեղեկությունների՝ կրթական հաստատությունների ղեկավարներից պահանջվում են ցուցակներ, որտեղ առանձնացված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրներն ու այլ քաղաքական կողմնորոշում ունեցող անձինք։
Մարզպետն անձամբ է վերահսկում տվյալների հավաքագրումը և հանձնարարել է տնօրեններին «աշխատանք տանել» այլ հայացքներ ունեցող աշխատակիցների հետ՝ ընդհուպ մինչև աշխատանքից ազատում, հայտնել է թերթը։
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ որոշ տնօրեններ խնդիրներից խուսափելու համար ներկայացնում են բացառապես իշխանամետ ցուցակներ, իսկ ընդդիմադիր հայացքներ ունեցողների վերաբերյալ վերջնական որոշումները կայացվում են մարզպետի մակարդակով։
Մամուլը հայտնել էր, որ Արմավիրի դպրոցներից մեկի տնօրեն Կարինե Սմբատյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ հրաժարվելով հեռացնել Արցախի դրոշը կրթօջախի «Փառքի անկյունից», մարզպետարանից պարզաբանել էին, որ ազատման դիմումի պատճառն այն է, որ դպրոցի տնօրենը չի ընդունել այն թերությունները, որոնք մատնանշել է տեսչական մարմինը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դպրոցի նախկին տնօրենը միացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։
