The Jerusalem Post-ը, հղելով «ուկրաինական հետախուզության աղբյուրներին», ապրիլի 7-ին գրել է, որ Ռուսաստանը իսրայելական «կրիտիկական նշանակության 55 օբյեկտների տեղակայման տվյալներ է փոխանցել Իրանին»:
Վերջին մի քանի օրերին Իրանը Իսրայելի տարածքում մի քանի կարևոր թիրախներ է խոցել, այդ թվում՝ Հայֆայի նավթավերամշակման գործարանը և Էյլաթ նավահանգիստը:
Իսրայելական պարբերականի տեղեկություններով, Ռուսաստանը Իրանին «գերճշգրիտ տեղեկություններ է փոխանցել հատկապես էներգետիկ օբյեկտների մասին»: Իսրայելը տարածաշրջանի ոչ մի երկրից էլեկտրաէներգիա չի ներկրում: Եվ եթե նրա էլեկտրակայանները իրանական հրթիռների կողմից վնասվեն, ապա դա կառաջացնի «շղթայական ճգնաժամ՝ ներառյալ պետական և ռազմական կառավարման համակարգը»:
Իսրայելում Ռուսաստանի դեսպան Անատոլի Վիկտորովը այդ առթիվ ասել է, որ «ազգային անվտանգության հետ կապված հարցերի քննարկման համար Ռուսաստանը և Իսրայելը վաղուց շփումներ են հաստատել, դրանք համապատասխան կառույցների մակարդակով ակտիվորեն գործում են, իսկ առավել կարևոր հարցերը քննարկվում են համապատասխան մակարդակներում»:
Իսրայելի և ԱՄՆ-ի դեմ պատերազմում Իրանին Ռուսաստանի կողմից հետախուզական տեղեկություններ տրամադրելու հարցին ավելի քան երկու շաբաթ առաջ անդրադարձել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և համեմատել Ուկրաինային ԱՄՆ համապատասխան աջակցության հետ: Իսրայելական մամուլի հրապարակումն այս առումով նորություն է այնքանով, որ, կարծես, արտահայտում է Նաթանյահուի կառավարության Ռուսաստանից դժգոհությունը:
Առհասարակ ռուս-իսրայելական հարաբերությունները վերջին շրջանում, մեղմ ասած, խնդրահարույց են: Իսրայելական կողմը ամիսներ առաջ տեղեկություն է տարածել, որ Լիբանանում «Հըզբալա»-ի ռազմապահեստներում հայտնաբերել է ռուսաստանյան արտադրության զենք-զինամթերք, այդ թվում՝ հակատանկային պայքարի միջոցներ: Բարդ է ասել, թե «Հըզբալա»-ն դրանք ուղղակի ստացել է Ռուսաստանից: Լիբանանյան այդ խմբավորման սպառազինությունների հիմնական մատակարարը Իրանն է:
Իսրայելը բավական զսպվածություն է ցուցաբերում ռուս-ուկրաինական պատերազմի հարցում: Չնայած Ուկրաինայի նախագահ Զելենսկու գործադրած դիվանագիտական ջանքերին, Նաթանյահուի կառավարությունը Կիևի հետ այդպես էլ ռազմա-տեխնոլոգիական համագործակցության ուղղակի համաձայնագիր չի կնքել:
Ըստ երևույթին, Իրանին Ռուսաստանի կողմից հետախուզական տվյալների տրամադրման խնդիրը դիվանագիտական խողովակներով քննարկվում է, և ռուս-իսրայելական հարաբերությունները հազիվ թե հասնեն բացահայտ լարվածության: