Բանակցությունները խզելու և պատերազմական իրավիճակի վերադառնալու հավանականությունը

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի և ֆելդմարշալ Ասիմ Մունիրի հետ հեռախոսազրույցներից հետո ես համաձայնում եմ երկու շաբաթով դադարեցնել Իրանի դեմ հարձակումները և ռմբակոծությունները:

Դա կլինի կրակի երկկողմ դադարեցում: Այդ մասին Truth Social անձնական հարթակում գրառում է կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այլ աղբյուրների տեղեկություններով՝ «հրադադարի համաձայնությունը ձեռք է բերվել Չինաստանի ուղղակի միջնորդության արդյունքում», և այդ բանակցություններին «անմիջապես ներգրավվել է փոխնախագահ Ջեյ Դի Վենսը»:

Այսպես, թե այնպես՝ փաստ է, որ ԱՄՆ նախագահը «դժոխքի դռները չի բացել» և Իրանի չի «կործանել Իրանի ողջ քաղաքակրթությունը»: Կողմերը պայմանավորվել են երկշաբաթյա հրադադար հաստատել և այդ ընթացքում հասնել համապարփակ համաձայնության: Դոնալդ Թրամփը կրակի դադարեցման համաձայնությունը անվանել է «Իրանի դեմ հարյուր տոկոսանոց հաղթանակ»:

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդն, ընդհակառակը, արձանագրել է, որ «Իրանը մեծ հաղթանակ է տարել և ԱՄՆ-ին հարկադրել, որ ընդունի տասը կետից բաղկացած ծրագիրը»:

Իսրայելական աղբյուրները պնդել են, որ Իրանը «իր և ոչ մի լկտի նախապայմանից չի հրաժարվել»: Ynet-ի ռազմական մեկնաբանը ձևակերպել է, որ Իրանի հետ երկշաբաթյա հրադադարը «հնարավորություն է, որպեսզի Դոնալդ Թրամփը «ծառից անվտանգ իջնի», բայց դրա գինը կվճարի Իսրայելը»:

Նա ընդգծել է, որ Նաթանյահուի կառավարությունը ներկայումս երկու լուրջ խնդիր ունի՝ ինչպե՞ս ավարտել լիբանանյան «Հըզբալա»-ի դեմ պատերազմը և համոզել Թրամփին, որպեսզի Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկելու հարցում չշտապի:

Կարելի է ենթադրել, որ Իսրայելում ԱՄՆ նախագահի ծրագրերից ավելի լավատեղյակ են, քան աշխարհի որևէ այլ երկրում: Նաթանյահուի կառավարությունը, իրոք, չափազանց բարդ վիճակում է: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ երբեք Իրանում «կրոնապետությունը տապալելու նպատակ չի ունեցել»:

Ynet-ի ռազմական հարցերով մեկնաբանը զգուշացրել է, որ պատժամիջոցներից ազատված Իրանը «տեխնոլոգիական թռիչք կարձանագրի»:

Լավատեսական կանխատեսումների համար, հավանաբար, պետք է սպասել իրանա-ամերիկյան հետագա շփումների արդյունքներին: Եթե մոտակա օրերին ԱՄՆ փոխնախագահ Վենսը և Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին հանդիպեն, ապա դա նախանշան կլինի, որ կողմերն, իրոք, «գործարքի հասնելու» իրական նպատակադրվածություն ունեն:

Բանակցությունները խզելու և պատերազմական իրավիճակի վերադառնալու հավանականությունը նվազ է թվում:

Leave a Comment